10:50 | 20.05.11 | Նորություններ | 3354

Հունիսին Beeline-ը կհայտարարի մի շարք նախագծերի ներդրման մասին

Երեւան/Մեդիամաքս/. Հունիսին «ԱրմենՏել»-ը (Beeline ապրանքանիշ) նախատեսում է հայտարարել մի շարք նոր նախագծերի ներդրման մասին, «որոնք, նախեւառաջ, կուրախացնեն ընկերության շարքային ինտերնետ-սպառողներին»:

Այդ մասին Մեդիամաքսի հետ հարցազրույցում ասել է «ԱրմենՏել»-ի մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանը` պատասխանելով Armix ինտերնետ-թրաֆիկի փոխանակման հիմնադրամին ընկերության միանալու հեռանկարի մասին հարցին:

«Հավատարիմ լինելով երկրի ներսում թրաֆիկի վերջնափակման գաղափարին` «ԱրմենՏել»-ը, ինչպես խոստացել էր ընկերության ղեկավարությունը, նախորդ տարվա ընթացքում լուրջ ներդրումներ է իրականացրել իր սերվերների վրա էլեկտրոնային բովանդակության հոսթինգի տեխնիկական ապահովման ասպարեզում: Սեփական ռեսուրսների զարգացման հետ մեկտեղ, մենք շահագրգռված ենք մեր հաճախորդներին տրամադրել առավելագույնս հարմարավետ հասանելիություն նաեւ մեր գործընկերների ռեսուրսներին: Այդ համատեքստում մենք բաց ենք առաջարկությունների համար եւ միշտ պատրաստ ենք քննարկել բոլոր կողմերի համար շահավետ համագործակցության եղանակները»,- ասել է Անուշ Բեղլոյանը: