16:21 | 28.04.11 | Նորություններ | 2747

Հեռահաղորդակցային ընկերությունները կկարողանան համագործակցել Վարկային բյուրոյի հետ

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի կառավարությունն այսօր որոշել փոփոխություններ կատարել մի շարք օրենքներում` վարկերը բնակչության համար ավելի մատչելի դարձնելու նպատակով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն ասել է, որ փոփոխություններով նախատեսվում է վերացնել ներկայիս սահմանափակումները, որոնք թույլ չեն տալիս հեռահաղորդակցային ընկերություններին Վարկային բյուրոյին տեղեկատվություն ներկայացնել իրենց հաճախորդների պարտքերի վերաբերյալ: 

Փոփոխությունները չեն պարտադրում ընկերությունները տրամադրել համապատասխան տեղեկատվությունը, սակայն թույլ կտան ընկերություններին եւ Բյուրոյին համագործակցել պայմանագրային հիմունքներով:

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտահոգություն էր հայտնել այս որոշման կապակցությամբ, նշելով, որ այն հակասում է Սահմանադրությանը եւ ոտնահարում է մարդկանց անձնական տվյալների եւ խոսակցությունների գաղտնիության իրավունքը: Սակայն շեշտը դրվում է քաղաքացիների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման եւ ոչ թե նրանց խոսակցությունների մասին տեղեկատվության վրա», - ասել է Ներսես Երիցյանը: