Արտակ Շաբոյան (Photolure)
11:03 | 21.04.11 | Նորություններ | 2993
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի /ՏՄՊՊՀ/ նախագահ Արտակ Շաբոյանը «անհիմն» է անվանել «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրենի հայտարարությունը այն մասին, որ օրենսդրական փոփոխությունները չեն քննարկվել բիզնեսի ներկայացուցիչների հետ:
Ապրիլի 19-ին կայացած Հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովում «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ասել էր, որ «Գնումների մասին» օրենքի գործողության մեջ մտնելու եւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի նոր խմբագրման հետ կապված կարող են առաջանալ վարչարարական նոր պատնեշներ:
«Նշված օրենքներում, մեր կարծիքով, կան մի շարք թերություններ ու բացթողումներ, որոնք կարող էին եւ չլինել, եթե օրինագծերը քննարկվեին բիզնեսի ներկայացուցիչների հետ»,- ասել էր Իգոր Կլիմկոն:
Արտակ Շաբոյանը Մեդիամաքսի հետ հարցազրույցում ասել է, որ Հանձնաժողովի խնդրանքով Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը /ՀԱԳՄ/ կազմակերպել է օրենսդրական փոփոխությունների լայն քննարկում գործարարների հետ: Նա նշել է, որ Հանձնաժողովը պաշտոնապես դիմել է ՀԱԳՄ-ին հանդիպում կազմակերպելու խնդրանքով` ձեռնարկատերերին ու գործարարներին նախօրոք ծանոթացնելով նախատեսվող փոփոխությունների բովանդակությանը:
«Ես դժվարանում եմ ասել, թե արդյո՞ք հանդիպմանը ներկա են եղել «ԱրմենՏել»-ի ներկայացուցիչները, քանի որ ողջ գործընթացը համակարգել է ՀԱԳՄ-ը: Քննարկումն անցկացվել է նախորդ տարի, եւ նոր փոփոխությունները դարձել են ծավալուն քննարկումների առարկա»,- ասել է Արտակ Շաբոյանը:
«Եղել են բազմաթիվ հրապարակային հայտարարություններ ՏՄՊՊՀ-ում օրենքի քննարկման վերաբերյալ: Ավելին, օրինագիծը ներկայացվել է Ազգային Ժողով 2010թ. դեկտեմբերին, եւ մինչ երկրորդ ընթերցումը մեծ ընդմիջում է եղել, որը «ԱրմենՏել»-ի ներկայացուցիչները կարող էին օգտագործել իրենց գաղափարներն ու մտքերն արտահայտելու համար` դիմելով անմիջապես հանձնաժողովին»,- ասել է նա Մեդիամաքսի հետ հարցազրույցում:
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության մամուլի քարտուղար Վրեժ Սարուխանյանը Մեդիամաքսին հայտնել է, որ նշված հանդիպումը կայացել է ՀԱԳՄ նախագահության նիստում: ««ԱրմենՏել»-ը ՀԱԳՄ նախագահության անդամ չէ եւ քննարկմանը հրավիրված չի եղել»,- ասել է նա: