11:46 | 03.03.11 | Նորություններ | 4509

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, Orange-ը եւ Beeline-ը գոհ են VAS-օպերատորների աշխատանքից

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարծում է, որ Հայաստանում VAS-օպերատորներն աստիճանաբար զարգանում են` անհրաժեշտ ներդրումների, սարքավորումների և տեխնոլոգիաների առումով:

Այս մասին ասացին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունում` Մեդիամաքսի խնդրանքով մեկնաբանելով համագործակցությունը VAS-օպերատորների հետ եւ այդ ծառայությունների շուկան առհասարակ:

VAS (Value Added Services)-օպերատորներ են հանդիսանում այն ընկերությունները, որոնք բջջային օպերատորների ցանցերի միջոցով մատուցում են լրացուցիչ ծառայություններ` sms-ծառայություններ, րինգթոններ, մուլտիմեդիա եւ այլն:

“Հատկապես հագեցվածության բարձր մակարդակ ունեցող շուկայում VAS-ը դառնում է շարժական կապի օպերատորի մրցակցային առավելության կարևոր գործոն` աճի ապահովման գործում VAS-ի դերի մեծացման միտումներով պայմանավորված”, - ասացին 
ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունում:

“Մեր գնահատմամբ, Հայաստանում VAS-օպերատորներն աստիճանաբար զարգանում են` անհրաժեշտ ներդրումների, սարքավորումների և տեխնոլոգիաների առումով: Մյուս կողմից` որպես Հայաստանի առաջատար բջջային օպերատոր, ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է բոլոր անհրաժեշտ պլատֆորմերը, որոնց միջոցով VAS-օպերատորները կարող են տրամադրել իրենց ծառայությունները: Չենք կարող վստահաբար ասել, որ Հայաստանում VAS շուկան ամբողջովին կայացած է: Ոլորտը դեռևս կայացման փուլում է: Ակնկալվում է, որ այն զգալի փոփոխությունների կենթարկվի, ինչը ազդեցություն կթողնի արժեքային շղթայի բոլոր մասնակիցների` օպերատորների, տեխնոլոգիաների մատակարարների, ինչպես նաև կոնտենտ-պրովայդերների վրա: Լայն տարածում գտած ծառայություններն են զանազան մրցույթները, վիկտորինաները, չաթը, SMS ծանոթությունները, քվեարկությունները, խաղերը և տեսանյութերը”, - նշեցին ընկերությունում:

Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան Մեդիամաքսին ասել է, որ, “երբ խոսում ենք հեռահաղորդակցության շուկայում ավելացված արժեքով ծառայությունների մասին, պետք է հաշվի առնել մի շարք գործոններ. շուկայի տարիքն ու հասունությունը, շարժական կապի ներթափանցման մակարդակը, ինչպես նաև շուկայի ծավալն ու գնողունակությունը”:

“Կարծում եմ, որ հաշվի առնելով այս բոլոր գործոնները` կարելի է ասել, որ մուլտիմեդիա ծառայությունների հայկական շուկան լավ զարգացած է: Շուկայում կան VAS ծառայությունների մի քանի մատակարարներ, որոնց հետ մենք համագործակցում ենք տարբեր նախագծերի համար: Ի դեպ, նրանք պրոֆեսիոնալ են իրենց գործում ու միաժամանակ բավականին ճկուն, և մենք հեշտորեն կարողանում ենք իրագործել մեր նախագծերը”, - ասել է Orange Armenia-ի ղեկավարը:

“ԱրմենՏել”-ի մամլո քարտուղար Անուշ Բեղլոյանը Մեդիամաքսին ասել է, որ “մեր ընկերությունը վաղուց եւ հաջողությամբ համագործակցում է VAS ծառայություններ առավել լուրջ մատակարարների հետ եւ մենք վստահաբար կարող ենք ասել, որ նրանք պրոֆեսիոնալներ են եւ պատասխանատու կերպով են վերաբերվում բիզնեսին”: