11:36 | 09.02.11 | Նորություններ | 3404

2011թ. կներդրվի մշակութային միջոցառումների տոմսերի վաճառքի միասնական էլեկտրոնային համակարգ

Երեւան/Մեդիամաքս/. 2011թ. ընթացքում Հայաստանում կսկսի գործել մշակութային միջոցառումների տոմսերի վաճառքի միասնական էլեկտրոնային համակարգը:

Ինչպես այսօր Մեդիամաքս-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը, համակարգի ստեղծումն այս տարի նախարարության գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկն է:

«Համակարգը զգալիորեն կհեշտացնի տոմսերի վաճառքը ինչպես այցելուների, այնպես էլ մշակութային հաստատությունների համար»,- ասել է նա:

Արեւ Սամուելյանը նշել է, որ նոր համակարգը կապահովի տոմսերի վաճառքի գործընթացի թափանցիկությունը եւ կնպաստի դրանց ստվերային շրջանառության կրճատմանը:

Սկզբնական փուլում տոմսերի վաճառքի միասնական համակարգը կգործարկվի մշակութային խոշոր կենտրոններում, մասնավորապես, Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Գաբրիել Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական թատրոնում, Հայաստանի ազգային պատկերասրահում եւ Հայաստանի պատմության թանգարանում:

Փոխնախարարը պարզաբանել է, որ մշակութային խոշոր կենտրոնների դրամարկղերում տոմսերի վաճառքի միասնական համակարգի միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել ցանկացած մշակութային միջոցառման տոմս:

Հետագայում հնարավոր կլինի տոմսերի պատվիրել նաեւ ինտերնետի միջոցով: