11:21 | 26.01.11 | Նորություններ | 3489

Orange Armenia-ն հայտարարել է, որ իր ծառայությունները հասանելի են ՀՀ բնակչության 95%-ին

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ն այսօր հայտարարել է, որ իր ձայնային եւ ինտերնետ ծառայությունները հասանելի են Հայաստանի բնակչության 95%-ին:

Ցանցի ընդլայնման վերջին աշխատանքների շնորհիվ Orange-ի ծառայությունները` ներառյալ շարժական ինտերնետը, արդեն հասանելի են բազմաթիվ փոքր բնակավայրերում, հատկապես Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի մարզերում: Ցանցի ուժեղացման եւ ընդլայնման աշխատանքներ են կատարվել նաեւ Հայաստանի հյուսիսային եւ հարավային ավտոմայրուղիների վրա, Մեդիամաքս-ին հայտնեցին ընկերությունում:

«Ինչպես խոստացել էինք, մենք այսօր արդեն ապահովում ենք շարժական կապի ծառայություններ Հայաստանի բնակչության 95%-ին: Ծածկույթի ընդլայնումն ու բարելավումը մեր ամենակարեւոր նպատակներից ու ձեռքբերումներից է, որի նպատակն է ինչպես առավելագույն հարմարավետություն ապահովել մեր ներկա բաժանորդների համար, այնպես էլ նոր ընտրություն առաջարկել նոր հաճախորդների», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: