«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը
17:12 | 20.12.10 | Նորություններ | 3260
Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտարարել է, որ ընկերությունը ներդրել է շուրջ $7.5 մլն 4G/LTE շինարարության մեջ:
Այսօր հանդես գալով 4G/LTE նոր սերնդի ցանցի գործարկման հանդիսավոր արարողությանը` Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ 2011թ. նոր ցանցը կտարածվի Գյումրիում եւ Վանաձորում, ապա` երկրի ամբողջ տարածքում:
Նրա խոսքերով, ընկերությունը Հայաստանում կներդնի հեռահաղորդակցային տեխնոլոգիաների բոլոր նորարարությունները` դրանք կիրառելով իր ցանցում: Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ ընկերությունն առեւտրային գործարկմամբ կուսումնասիրի 4G-ի հնարավորությունները, իսկ մարտի վերջին կամ ապրիլի սկզբին ծառայությունը կունենա զանգվածային առաջարկ:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենն ասել է, որ առեւտրային փորձարկում կանցկացվի ընկերության ամենաակտիվ բաժանորդների շրջանում, որի ընթացքում կմշակվի նաեւ 4G ծառայության սակագնային փաթեթը, սակայն «նոր տեխնոլոգիայի գները չեն գերազանցի 3G-ի առաջարկների սակագները»:
Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ 4G հնարավորությամբ բջջային հեռախոսները բացառիկ կարգով օգտագործվում են միայն Հյուսիսային Ամերիկայի տարածքում, սակայն ազատականացումից հետո «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը շուտափույթ կերպով դրանք կներդնի Հայաստանում:
Ներկայումս ծառայությունը հասանելի է 4G USB dongle-ի միջոցով, որը մինչեւ 2011թ. մարտի վերջը կհանվի զանգվածային վաճառքի «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի խանութներում, ասել է Ռալֆ Յիրիկյանը:
Խոսելով 2011թ. ներդրումային ծրագրերի մասին` Ռալֆ Յիրիկյանը տեղեկացրել է, որ ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի $55 մլն: