«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
16:47 | 01.12.10 | Նորություններ | 3452
Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հովանավորում է Տիգրան Մեծի 2150-ամյակին նվիրված` ճանաչված նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, ցուցահանդեսը բացվել է դեկտեմբերի 1-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում: Այն առաջինն է հոբելյանական միջոցառումների շարքում, որտեղ ներկայացված են նաեւ Տիգրանակերտի պեղումների ժամանակ հայտնաբերված նմուշները: Ցուցահանդեսի ավարտին կտպագրվի պատկերագիրք, որում Ազգային պատկերասրահում ցուցադրված ստեղծագործությունների վերատպումներից բացի կներառվեն նաեւ Տիգրան Մեծի կյանքին եւ գործունեությանը նվիրված գիտահանրամատչելի հոդվածներ եւ փաստաթղթեր հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով:
«Իմ կարծիքով, այսօր հատկապես կարեւոր է պահպանել Հայոց մեծ թագավորի հիշատակը եւ ապահովել ազգային ավանդույթների փոխանցումը սերնդեսերունդ: Մենք ուրախ ենք սատարել նման նախագծերը, քանի որ հայ ժողովրդի մշակութային ժառանգության պահպանումը կարեւոր տեղ է զբաղեցնում «ԱրմենՏել» ընկերության սոցիալական ծրագրերում, որոնք իրականացվում են «Հանուն պայծառ ապագայի» կարգախոսի ներքո», - նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Արարատյան Հայրապետական թեմը, Աշխարհի հայ նկարիչների միավորումը, Հայաստանի Ազգային Պատկերասրահը եւ Ազգային Գեղագիտության կենտրոնը: Տիգրան Մեծի 2150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների թվում են նաեւ նրա մասին վավերագրական ֆիլմի ցուցադրությունը եւ երիտասարդ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը Ազգային Գեղագիտության կենտրոնում: