Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է ռոումինգ-գործընկերների թվի ավելացման մասին:
Ընկերության ռոումինգ-գործընկերների թիվը կազմել է 502 օպերատոր աշխարհի 220 երկրում, այսօր Մեդիամաքս-ին հայտնել են Beeline-ի մամուլի ծառայությունում:
Beeline բջջային ցանցի բաժանորդների համար երկկողմանի ձայնային ռոումինգն արդեն հասանելի է Մարոկկոյում, Մէն կղզում եւ Պաղեստինում:
GPRS-ռոումինգից հաճախորդները կարող են օգտվել Լիբանանում եւ Նիկարագուայում, Մալթայում եւ Շրի-Լանկայում, իսկ 3G ռոումինգից` Հունգարիայում, Վրաստանում, Ղազախստանում, Կանադայում, Պակիստանում, Սլովակիայում, Սլովենիայում եւ Թուրքմենստանում:
«Ռոումինգ-գործընկերների թվի աճի շնորհիվ ավելանում է նաեւ այն երկրների քանակը, որտեղ Հայաստանի միասնական օպերատորի բաժանորդները կարող են օգտվել ոչ միայն ռոումինգի ձայնային ծառայություններից, այլեւ թվային տեղեկատվության արագ փոխանցման հնարավորությունից»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: