15:43 | 23.11.10 | Նորություններ | 2888
Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունը եւ IBA Molecular ընկերությունը այսօր Երեւանում համաձայնագիր են ստորագրել պրոտոնային արագացուցչի ձեռք բերման մասին:
Ինչպես այսօր հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ կառավարությունը համաձայնագիր է ստորագրել նաեւ KBC բելգիական բանկի հետ` 11 տարի ժամկետով, 3 տարի արտոնյալ ժամանակահատվածով 5 մլն եվրո վարկ տրամադրելու վերաբերյալ:
Պրոտոնային արագացուցչի ընդհանուր արժեքը կազմում է 7 մլն եվրո, սակայն Բելգիայի կառավարությունը սուբսիդավորել է գնումը` տրամադրելով 2 մլն եվրո դրամաշնորհ:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի /ՀԱՄՀ/ գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանն ասել է, որ Ալիխանյանի անվ. Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի հիման վրա կստեղծվի Հայաստանի ուռուցքաբանության գերազանցության կենտրոն, որտեղ նախատեսվում է ներդնել պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիա, որը հանդիսանում է բժշկական ռադիոիզոտոպային ախտորոշման նորագույն մեթոդ եւ թույլ է տալիս բացահայտել ուռուցքային հիվանդությունների առկայությունն ու տարածվածությունը մինչեւ 98% ճշգրտությամբ:
Բեկոր Փափազյանը տեղեկացրել է, որ ծրագիրը կմեկնարկի 2011թ. սկզբին, իսկ արագացուցչի գործարկումը նախատեսված է պայմանագրի ստորագրումից հետո 18 ամսվա ընթացքում:
Խոսելով քաղցկեղով հիվանդների ախտորոշման եւ բուժման սակագների մասին` Բեկոր Փափազյանն ասել է, որ ողջ գործընթացը կարժենա շուրջ 1000 դոլար կամ եվրո, ինչը շատ ավելի մատչելի է արտասահմանյան բուժումից, որտեղ ամեն տարի մեկնում է ուռուցքային հիվանդություններով տառապող ՀՀ շուրջ 600 քաղաքացի: