11:12 | 11.11.10 | Նորություններ | 3760
Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր հայտարարել է Try & Buy ակցիայի մեկնարկի մասին Beeline ֆիքսված կապի այն բաժանորդների համար, ովքեր ցանկանում են միանալ Hi Line ծառայությանը:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, մինչեւ 2010թ. դեկտեմբերի 31-ը միանալով Hi Line ծառայության «Նախընտրելի» սակագնային փաթեթներից որեւէ մեկին` հաճախորդը հնարավորություն կստանա առաջին ամսվա ընթացքում անվճար օգտվել մինչեւ 2 Մբ/վ արագությամբ ինտերնետից, կազատվի միացման վճարից եւ նվեր կստանա մոդեմ: Առաջին ամսվա ընթացքում հաճախորդը կարող է հրաժարվել ծառայությունից առանց վարձը վճարելու` մոդեմը վերադարձնելու պայմանով: Եթե մինչեւ առաջին ամսվա ավարտը բաժանորդը շարունակում է օգտվել ծառայությունից, նրան տրամադրվում է ընտրված սակագնային պլանով նախատեսված արագությունը:
«Ենթակառուցվածքների էական զարգացման շնորհիվ «ԱրմենՏել» ընկերությունը կարող է բաժանորդներին առաջարկել միացման ավելի գրավիչ պայմաններ: Նոր առաջարկը մեր հաճախորդներին թույլ կտա փորձարկել ունիվերսալ օպերատորի ծառայությունների որակը եւ կայունությունը մինչ դրանց միանալը», - ասել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Try & Buy ակցիայի շրջանակում բաժանորդը կարող է օգտվել մեկ ամիս անվճար ինտերնետի առաջարկից միայն մեկ անգամ: Առաջին ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում հետագայում չի տրամադրվում անվճար ամսական միացում: Մնացած պայմանները, այդ թվում` ծառայության անվճար ակտիվացումն ու անվճար մոդեմը, մնում են ուժի մեջ:
Hi Line ծառայությունը հիմնված է ADSL տեխնոլոգիայի վրա, որն ապահովում է արագ ինտերնետ-հասանելիություն ամրակցված հեռախոսալարի միջոցով` թողնելով այն ազատ հեռախոսազանգերի համար: «ԱրմենՏել» ՓԲԸ-ն Hi Line ծառայությունը տրամադրում է 2007 թվականից: Ներկայում ծառայությունը հասանելի է Հայաստանի 38 քաղաքում: