15:02 | 02.11.10 | Նորություններ | 3767

Հայաստանը ետ է մնում տարածաշրջանի երկրներից IT ոլորտի մրցակցային պայքարում

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը եւ համաշխարհային ասպարեզում մրցունակության բարձրացումը արհեստականից չի անցնում իրական փուլի, այսօր Երեւանում ասել է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի տնօրեն Մանուկ Հերգնյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր «Սինոփսիս-Արմենիա»-ի գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Մանուկ Հերգնյանն ասել է, որ չնայած տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում Հայաստանի առաջընթացին, նա, այնուամենայնիվ, մրցակցային պայքարում ետ է մնում տարածաշրջանի երկրներից: Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակված` 2009-2010թթ. ցանցային պատրաստվածության զեկույցում Հայաստանը 134 երկրների թվում զբաղեցրել է 101-րդ տեղը` զիջելով հարեւան Ադրբեջանին (64-րդ տեղ) եւ Վրաստանին (93-րդ տեղ):

Մանուկ Հերգնյանի խոսքերով, տնտեսության տեխնոլոգիական արդիականացման աստիճանի մասին է վկայում նաեւ ներկրման կառուցվածքում համակարգչային տեխնիկայի եւ բարձր տեխնոլոգիաների մասնաբաժինը, որը Հայաստանում կազմում է ընդամենը 8.4%, մինչդեռ Ադրբեջանում այդ ցուցանիշը 61% է: 

«Չնայած մեր հարեւանները եւ տարածաշրջանի մյուս երկրները, ի տարբերություն Հայաստանի, տեղեկատվական տեխնոլոգիաները չեն հռչակում տնտեսության գերակա ոլորտ, այնուամենայնիվ, նրանք զանգվածային ներդրումներ են կատարում ՏՏ-ոլորտում»,- նշել է Մանուկ Հերգնյանը:

Հովիկ Մուսայելյանն ասել է, որ ՀՀ իշխանությունների կողմից ՏՏ-ոլորտում արտասահմանյան ներդրումների ներգրավմանն ուղղված բավարար ջանքեր չի տեսնում: Նա հանդես է եկել քննադատությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տեղական մոդել մշակելու կառավարության փորձերի հասցեին` ասելով, որ Հայաստանը պետք է հետեւի Իռլանդիայի եւ Սինգապուրի օրինակին եւ տեղական շուկա հրավիրի խոշոր ՏՏ-կորպորացիաներ` դրա համար ստեղծելով բոլոր անհրաժեշտ պայմանները:

«Սինոփսիս-Արմենիա»-ի տնօրենն ընդգծել է ՏՏ-հատվածին հարկային եւ այլ արտոնություններ տալու, ինչպես նաեւ նորաստեղծ ՏՏ-ընկերությունների համար վարկային միջոցների մատչելիությունը բարձրացնելու անհրաժեշտությունը: «Մենք այդ խնդիրը բարձրացնում ենք արդեն 10 տարի եւ մերժում ենք ստանում կառավարությունից` որեւէ հատվածի համար «ջերմոցային պայմաններ» ստեղծել չցանկանալու պատճառաբանությամբ»,- ասել է Հովիկ Մուսայելյանը:

Նրա խոսքերով, իշխանությունների կողմից ՏՏ-հատվածը որպես առաջնահերթ հռչակելու միակ արդյունքը եղել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, որը ստեղծվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ, եւ Գյումրիի տեխնոպարկի նախագիծը, «որի ապագան դեռեւս պարզ չէ»: