13:04 | 22.10.10 | Նորություններ | 2800
Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորը եւ բրիտանական BirthLink հասարակական կազմակերպությունը հայտարարել են ՀՀ չորս մարզերի ծննդատների համար նորածինների խնամքի սարքավորումների ձեռք բերման մասին:
Ինչպես այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, գնվել է 70 մլն դրամի սարքավորում: Ծրագրի հիմնական նպատակն է զգալիորեն կրճատել երկրում նորածինների մահացության ցուցանիշը:
Նոր սարքավորումներ կտրամադրվեն Մարտունի, Կապան, Գորիս, Սեւան եւ Բերդ քաղաքների ծննդատներին, ինչպես նաեւ Գյումրիի երկու ծննդատներին:
BirthLink-ի ղեկավար Քեթի Մելորը նշել է, որ այս տարի կավարտվի սարքավորումների տրամադրման հիմնական ծրագիրը, եւ կազմակերպությունը մտադիր է սկսել ծրագրի երկրորդ փուլը` տեխնիկական աջակցություն եւ մասնագետների վերապատրաստում` նորածնային խնամքի ապահովման նպատակով:
2009 թ.-ից «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը եւ BirthLink-ը աջակցում են Հայաստանի ծննդատներին: Նախորդ տարի Երեւանի 11 ծննդատներ ապահովվեցին 144 մլն դրամի սարքավորումներով: