15:21 | 14.10.10 | Նորություններ | 3329

Orange Armenia-ն հայ ուսանողների համար մրցանակ է սահմանել նորարարությունների բնագավառում

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ն այսօր հայտարարել է նորարարությունների բնագավառում հայ ուսանողների համար մրցանակ սահմանելու մասին: 
 
Ինչպես հայտնել է France Telecom խմբի փոխնախագահ, Orange Տեխնոկենտրոնի տնօրեն Իվ Տիրոդը, մրցանակին կարող են հավակնել Երեւանի պետական համալսարանի /ԵՊՀ/ եւ Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի /ԵՊՃՀ/ ուսանողները:

Orange-ի մրցանակին կարժանանա այն ուսանողը, ով կներկայացնի լավագույն նորարարական ծրագիրը: Մրցանակը կլինի 6-ամսյա վճարվող պրակտիկան Փարիզում` Orange Labs-ի լաբորատորիաներից մեկում:

Հայաստան կատարած այցի շրջանակներում Իվ Տիրոդը հանդիպել է ԵՊՀ եւ ԵՊՃՀ ռեկտորների հետ եւ նրանց ներկայացրել է Orange Տեխնոկենտրոնի գործունեությունը:
 
«Հայաստանը առանձնակի երկիր է France Telecom խմբի համար: Կարճ ժամանակահատվածում Orange Armenia-ն հասել է ապշեցուցիչ հաջողությունների նորարարությունների ոլորտում եւ կարողացել է ներկայացնել բազմաթիվ նորարարական ապրանքատեսակներ ու ծառայություններ, որոնք չկան նույնիսկ եվրոպական շատ երկրներում»,- ընդգծել է Իվ Տիրոդը: