«ԱրմենՏել» ընկերության ղեկավար Իգոր Կլիմկոն
13:09 | 11.10.10 | Նորություններ | 2770
Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր 15 պետական ծառայողների հանձնել է ծրագրերի կառավարման ոլորտում որակավորման բարձրացման մասին հավաստագրեր:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, հավաստագրերի հանձնման արարողությանը ընկերության ղեկավար Իգոր Կլիմկոն ասել է, որ «ԱրմենՏել»-ը առաջինն է արձագանքել ծրագրերի որակյալ կառավարիչներ պատրաստելուն աջակցելու ՀՀ նախագահի առաջարկին:
«Հուսով եմ, որ Beeline համալսարանի պատերի ներսում ստացած հմտությունները կնպաստեն արդյունավետ գործունեությանը` ի նպաստ երկրի բարօրության»,- ասել է Իգոր Կլիմկոն:
«ԱրմենՏել»-ի կազմակերպչական զարգացման եւ աշխատակազմի գծով տնօրեն Լիանա Խաչատրյանը նշել է, որ Beeline համալսարանը բաց է համագործակցության համար բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ, որոնք կօգնեն ծառայեցնել Beeline-ի ներուժն ու փորձը իրենց բիզնեսի շահերին:
Հոկտեմբերի 7-9-ը ՀՀ կառավարության աշխատակազմի երաշխավորմամբ ենթակառուցվածքի եւ արդյունաբերական ներուժի զարգացմամբ զբաղվող 15 պետական ծառայողներ անցել են թրենինգ Beeline-ի կորպորատիվ համալսարանում: