10:52 | 18.09.10 | Նորություններ | 3534

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ղեկավարը կարծում է, որ ԶԼՄ-ները պետք է ապահովեն կապը բիզնեսի եւ հասարակության միջեւ

Երեւան /Մեդիամաքս/ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կարծում է, որ ժուռնալիստիկայի կարեւոր գործառույթներից մեկը բիզնեսի եւ հասարակության միջեւ հետադարձ կապի ապահովումն է:

Ինչպես հայտնեցին Մեդիամաքս-ին ընկերության մամուլի ծառայությունում, Ռալֆ Յիրիկյանն այդ մասին ասել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ընթացքում:

«Հասարակության տարբեր շերտերի հետ երկխոսություն եւ թափանցիկ հարաբերություններ հաստատելու առումով ժուռնալիստիկան ամենակարեւոր եւ պատասխանատու մասնագիտությունն է: Բոլոր տեսակի ընկերությունները պետք է լինեն լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, ինչը կխթանի ընկերությունների պատասխանատու վերաբերմունքի դրսեւորումը հաճախորդների եւ հասարակության հանդեպ»,-ասաց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենը: 

«Պետք է չմոռանանք նաեւ ժուռնալիստիկայի մեկ այլ կարեւոր գործառույթի` բիզնեսի եւ հասարակության միջեւ հետադարձ կապի ապահովման մասին: Այլ աղբյուրների հետ մեկտեղ, ընկերություններն իրենց գործունեության վերաբերյալ հասարակական ընկալման մասին տեղեկանում են նաեւ մամուլում տեղ գտած հրապարակումներից, ինչն ինֆորմացիայի կարեւոր աղբյուր է` ընկերության իմիջի եւ վարկանիշի մասին կարծիք կազմելու համար»,- ասաց Ռալֆ Յիրիկյանը: