15:20 | 16.09.10 | Նորություններ | 7228

Կկայանա «Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը»

Երեւան/Մեդիամաքս/. «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի կունենա «Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը»:

Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են «Այբ» հիմնադրամում, մրցաշարը թիմային մրցույթ է, որտեղ դպրոցականները լուծում են քիմիայի բարդ ու հետաքրքիր առաջադրանքներ, բանավիճում գիտական թեմաների շուրջ, անում իրենց առաջին գիտական հայտնագործությունները:

Մրցաշարին մասնակցելու է 7 թիմ ` մեկական թիմ Վանաձորից, Աբովյանից, Էջմիածնից, Գյումրուց, Ստեփանավանից եւ երկու թիմ Երեւանից:

Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված է 4-6 աշակերտ, որոնցից մեկը թիմի ավագն է: Թիմերից յուրաքանչյուրը ծրագրի կազմակերպիչներին նախապես ուղարկել է մրցութային ներկայացում առաջադրված թեմայի շուրջ, ապա թիմի կազմը` հաստատված դպրոցի տնօրինության կողմից:

Ժյուրիի նախագահը ԵՊՀ անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համբարձում Խաչատրյանն է: Ժյուրիի կազմում ընդգրկված են դասախոսներ բոլոր այն բուհերից, որտեղ քիմիան դասավանդվում է որպես մասնագիտական առարկա, ինչպես նաեւ երիտասարդ գիտաշխատողներ, դպրոցի ուսուցիչներ եւ այլ մասնագետներ:

«Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը» տեղի կունենա սեպտեմբերի վերջում:

Մրցույթի մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է այստեղ` http://www.foundation.ayb.am/index.php?page=proj&section=more&id=432&ch_lang=arm: