12:22 | 05.08.10 | Նորություններ | 3658
Երեւան/Մեդիամաքս/. iCon Communications ընկերությունը հույս ունի ֆիքսված հեռախոսակապի հայաստանյան շուկա մուտք գործել մինչեւ այս տարեվերջ:
iCon-ի մարքեթինգային կոմունիկացիաների եւ ապրանքատեսակների մենեջեր Լիանա Թադեւոսյանը հայտնել է Մեդիամաքս-ին, որ ընկերությունն արդեն առաջարկել է իր հաճախորդներին միջազգային հեռախոսազանգեր կատարել հատուկ մոդեմի միջոցով: Նրա խոսքերով, այս պահին կարգավորվում են տեղական ֆիքսված կապի ծառայության մատուցման հետ կապված իրավական հարցերը:
Web ընկերության տնօրեն Ալբերտ Տոնեյանը հայտնել է Մեդիամաքս-ին, որ առաջիկայում ընկերությունը մտադիր չէ ֆիքսված կապի շուկա դուրս գալ: Նրա խոսքերով, ցանցերի համակցման գործընթացը մեծ ներդրումներ է պահանջում, որոնք Web-ն այս պահին արդարացված չի համարում: Նշենք, որ 2009թ. ապրիլին Ալբերտ Տոնեյանը Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում նշել էր, որ Web-ը մտադիր է հաճախորդներին հեռախոսակապի ծառայություններ մատուցել ինտերնետային կապի միջոցով եւ ցանցի վերազինման աշխատանքներ է անցկացնում: Նա նշում էր, որ 2009թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին աշխատանքները կավարտվեն, եւ ընկերությունը նախատեսում է 1000-2000 բաժանորդի սպասարկել:
Bionet-ի տեխնիկական տնօրեն Մարտին Պետրոսյանը Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է, որ ընկերությունը մտադիր է մոտ ապագայում ֆիքսված կապի շուկա դուրս գալ, սակայն կոնկետ ժամկետներ չի նշել: Նրա խոսքերով, այս պահին ճշտվում են օպերատորների ցանցերում մուտքային զանգերի բիլինգի մանրապասները:
Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ընթացիկ տարվա սկզբին համոզմունք էր հայտնել, որ մինչեւ տարեվերջ այլընտրանքային օպերատորները կհաղթահարեն տեխնիկական եւ տնտեսական խոչընդոտները, եւ Հայաստանի ֆիքսված կապի շուկայում լուրջ մրցակցություն կծավալվի: