12:51 | 17.06.10 | Նորություններ | 4964

«Կենգուրու» մաթեմատիկական մրցույթի երկու հաղթողները կմեկնեն Բուլղարիայի ամառային ճամբար

Երեւան/Մեդիամաքս/. «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթի հայաստանյան երկու հաղթողները օգոստոսին կմեկնեն Բուլղարիայում կազմակերպվող ամառային ճամբար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Հայաստանում մրցույթի հաղթողներ են ճանաչվել 8-րդ դասարանցիներ Էդգար Մինասյանը (Երեւան) եւ Աբրահամ Գրիգորյանը (Արարատի մարզ, գյուղ Վանաշեն):

 «Այբ» կրթական հիմնադրամի (Հայաստանում «Կենգուրու» մրցույթի կազմակերպիչ) գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը հայտնել է, որ մրցույթի բացարձակ հաղթողներն ընտրվել են լավագույն արդյունքներ ցուցաբերրած 72 աշակերտների միջեւ անցկացված լրացուցիչ մրցույթի արդյունքում:

«Հայաստանում մրցույթի մասնակիցների ընդհանուր թիվն այս տարի կազմել է 39 341, ինչը մոտ 10 հազարով ավել է, քան նախորդ տարի: Մրցույթին մասնակցել են ՀՀ 902 միջնակարգ դպրոցների աշակերտներ, մինչդեռ երկրում միջնակարգ դպրոցների քանակը կազմում է շուրջ 1400: Բացի այդ, այս տարի մենք կազմակերպել ենք նաեւ փորձնական մրցույթ Ստեփանակերտի բոլոր դպրոցներում»,- ասել է Դավիթ Սահակյանը:

Այս տարի խնդիրները եղել են ոչ միայն հայերեն, այլեւ ռուսերեն լեզվով, ինչը հեշտացրել է մրցույթին ռուսալեզու երեխաների մասնակցությունը: Այս տարվա գարնանը կայացած «Կենգուրու» մրցույթը Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ: Դրան կարող են մասնակցել 3-11-րդ դասարանների աշակերտները: Մրցույթի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել մաթեմատիկայի հանդեպ եւ առարկան ավելի գրավիչ դարձնել երեխաների համար:  

Հայաստանում մրցույթի անցկացման հովանավորն է «ՎՏԲ-Հայաստան Բանկը»: Տեղեկատվական գործընկերներն են «Մեդիամաքս» գործակալությունն ու «Կրթություն» թերթը: Մրցույթն անց է կացվում ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հովանու ներքո:

Այս տարի ամբողջ աշխարհում «Կենգուրու» մրցույթին մասնակցել են 50 երկրների շուրջ 6 մլն դպրոցականներ: