«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը
12:50 | 10.06.10 | Նորություններ | 3353
Երեւան/Մեդիամաքս/. Հեռահաղորդակցային ընկերությունների համար ծրագրային ապահովում մատակարարող Redknee կանադական ընկերությունը հայտարարել է հայաստանյան «ՎիվաՍել-ՄՏՍ» օպերատորի համար բիլինգային լուծման հաջող գործարկման մասին:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վկայակոչելով PRNewswire-ը, Redknee-ի մշակած տվյալների մոնետիզացման պլատֆորմը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին թույլ կտա նորարարական առաջարկներ ներկայացնել լայնաշերտ ինտերնետի սպառողներին:
Որպես թիրախային ծառայությունների օրինակ Redknee-ն մատնանշում է «MTS Connect» ծառայության ճկուն կանխավճարային ու հետվճարային սակագնային պլանները:
««ՎիվաՍել-ՄՏՍ»-ի լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը զգալիորեն ավելացել է, ինչը արտացոլում է Հայաստանում անլար ինտերնետի ինտենսիվ աճող պահանջարկը: Ինտերնետ-թրաֆիկի աճին օժանդակելը առաջնահերթություն է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի համար: Մենք մտադիր ենք միշտ առաջ անցնել մրցակիցներից` առաջարկելով տարբերակված ու գրավիչ ապրանքատեսակներ: Redknee-ի աջակցությունը նպաստել է Հայաստանում լայնաշերտ կապի ամենանորարարական ծառայությունների հաջող գործարկմանը»,- ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: