10:08 | 27.05.10 | Նորություններ | 2819
Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերության (Beeline ապրանքանիշ) գործառնական զուտ հասույթը 2010թ. I եռամսյակում կազմել է 16 մլրդ 016 մլն դրամ:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վկայակոչելով «Վիմպելկոմ ԼՏԴ»-ի ֆինանսական ու գործառնական ցուցանիշները, «ԱրմենՏել»-ի գործառնական զուտ հասույթը հաշվետու ժամանակահատվածում 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6.2%-ով, իսկ 2009թ. IV եռամսյակի համեմատ` 12%-ով:
Բջջային հեռախոսակապից «ԱրմենՏել»-ի գործառնական զուտ հասույթն առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 16%-ով` կազմելով 5,787 մլրդ դրամ: Ֆիքսված կապի գործառնական հասույթը 2009թ. I եռամսյակի համեմատ ավելացել է 0,5%-ով` կազմելով 10,229 մլրդ դրամ:
Հայաստանում Beeline-ի բաժանորդային բազան 2009թ. առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 14,1%-ով` կազմելով 549 հազ.: 2009թ. չորրորդ եռամսյակի համեմատ օպերատորի բաժանորդային բազան ավելացել է 0.7%-ով:
Հայաստանում Beeline-ի լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվն առաջին եռամսյակում կազմել է 31.2 հազ.` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 103.9%-ով, կամ 15,9 հազարով: 2009թ. IV եռամսյակի համեմատ օպերատորի լայնաշերտ ինտերնետի սպառողների թիվն ավելացել է 19.1%-ով, կամ 5 հազարով:
Հայաստանում բջջային կապի մեկ բաժանորդից Beeline-ի ստացած միջին ամսական եկամուտը (ARPU) առաջին եռամսյակում կազմել է 3478 դրամ` 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 24%-ով: 2009թ. IV եռամսյակի համեմատ ARPU ցուցանիշը կրճատվել է 21,5%-ով: