13:10 | 07.04.10 | Նորություններ | 2650

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն աջակցում է երիտասարդ երաժիշտներին

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորը մեկ տարի կվճարի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի երաժիշտների աշխատավարձերը:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի եւ նվագախմբի համագործակցության մեկնարկը հանդիսացել է Կամերային երաժշտության տանը տեղի ունեցած համերգը` նվիրված Մայրության եւ գեղեցկության օրվան:

«Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի համագործակցության արդյունքում երիտասարդ երաժիշտները հնարավորություն կունենան շարունակել իրենց գործունեությունը եւ հաճելի պահեր պարգեւել հանդիսատեսին»,- նշել են մամուլի ծառայությունում:

Համերգին հրավիրվել էին Հայաստանի մի քանի ծերանոցներում ապրող կանայք:

«Տարեցները պետք է շրջապատված լինեն հոգատարությամբ: Այսօր մենք ցանկացել ենք մեծարել եւ հաճելի պահեր պարգեւել այս կանանց, ովքեր բախտի քմահաճույքով զրկված են ընտանիքի ջերմությունից եւ կարիք ունեն ավելի մեծ ուշադրության»,- նշել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: