13:53 | 30.03.10 | Նորություններ | 3594
Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանում բացվվել է ԱՊՀ-ում ծրագրային ապահովման խոշորագույն դիստրիբյուտոր MONT ընկերության ներկայացուցչությունը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, շնորհանդեսի ընթացքում ընկերության փոխնախագահ Իվան Երմակովը վստահություն է հայտնել, որ ընկերության 20-ամյա աշխատանքային փորձը նոր խթան կհաղորդի ՀՀ IT-հատվածի զարգացմանը եւ թույլ կտա երկրում ստեղծել ծրագրային ապահովման քաղաքակիրթ շուկա:
MONT-ի բիզնեսի զարգացման տնօրեն Ալեքսանդր Գուշչինը տեղեկացրել է, որ ընկերությունն ունի ավելի քան 4000 գործընկեր եւ Ռուսաստանում ու ԱՊՀ-ում ծրագրային ապահովման ամենալայն տեսականին:
Բացի Ռուսաստանից, ընկերությունը գործում է նախկին ԽՍՀՄ 6 երկրներում (ներառյալ Վրաստանն ու Ադրբեջանը):
Ալեքսանդր Գուշչինը նշել է, որ ընկերությունը պարբերաբար անցկացնում է գործընկերների ուսուցման սեմինարներ եւ պատրաստ է բիզնեսի առաջխաղացման գործում աջակցել նաեւ ծրագրային ապահովման հայ արտադրողներին: MONT-ի բիզնեսի զարգացման տնօրենը հայտնել է, որ ընկերության հետ համագործակցությունը հնարավոր է ինչպես վերջնական սպառողի համար ապրանքատեսակների, այնպես էլ համակարգչային տեխնիկա արտադրողների համար ծրագրային ապահովման ОЕМ տարբերակների մատակարարման ոլորտում:
«Հայաստանում մենք մտադիր ենք նաեւ առաջարկել Microsoft-ի ծրագրային ապահովումը վարձակալության հանձնելու մեր նոր ծառայությունը, որը, կարծում ենք, լայն պահանջարկ կունենա»,- ասել է Ալեքսանդր Գուշչինը:
Հայաստանում MONT-ի ներկայացուցչության ղեկավար Ռուբեն Եսայանը տեղեկացրել է, որ տեղական շուկայում ընկերությունը ներկայացնելու է Microsoft-ի, Symantec-ի, ABBYY-ի, Adobe-ի, ESET-ի, Kaspersky Labs-ի եւ այլ արտադրողների ծրագրային ապրանքատեսակները: