17:01 | 15.03.10 | Նորություններ | 3518

“ԱրմենՏել”-ն իջեցրել է Ռուսաստան, ԱՄՆ եւ Կանադա զանգերի սակագները

Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հայտարարել է Ռուսաստան, ԱՄՆ եւ Կանադա զանգերի սակագների իջեցման մասին “Հայերի Աշխարհ” ծառայության շրջանակներում:

Մարտի 15-ից դեպի Կանադայի եւ ԱՄՆ-ի ֆիքսված եւ բջջային ցանցեր ելքային զանգի մեկ րոպեի սակագինը 13.99 դրամ է` նախկին 24 դրամի փոխարեն, իսկ դեպի Ռուսաստանի ցանցեր` 29.99 դրամ` նախկին 49 դրամի փոխարեն (բացի Մոսկվայից եւ Սանկտ Պետերբուրգից): Դեպի Մոսկվա եւ Սանկտ Պետերբուրգ ելքային զանգի մեկ րոպեի սակագինը 24 դրամ է:

“Միջազգային զանգերի սակագների նվազեցումը մեր ընկերության արդյունավետ սակագնային քաղաքականության արդյունքն է, որը հնարավոր է դարձնում մատչելի եւ որակյալ շփումը ոչ միայն Հայաստանում այլեւ նրա սահմաններից դուրս”,- նշել է  “ԱրմենՏել” ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

“Հայերի Աշխարհ” ծառայությունը թույլ է տալիս Beeline-ի ֆիքսված եւ շարժական կապի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդներին զանգահարել աշխարհի բոլոր երկրներ ինտերնետ-հեռախոսակապի (VoIP) սակագներով: Միջազգային զանգ կատարելու համար անհրաժեշտ է հավաքել *88* (00) (երկրի կոդ) (քաղաքի կոդ) (բաժանորդի հեռախոսահամար):

Ծառայության միջոցով իրականացված միջազգային զանգերի հաշիվն ընդգրկվելու է բաժանորդին ներկայացվող հեռախոսային ընդհանուր հաշվում: Բաժանորդի ցանկության դեպքում կարող է ներկայացվել զանգերի վերծանում, որտեղ “Հայերի Աշխարհ” ծառայության միջոցով իրականացված զանգերը կներկայացվեն առանձին: