16:28 | 05.03.10 | Նորություններ | 3090

Orange Armenia-ն եւ “Շեն”-ը Դաշտադեմում գործարկել են համակարգչային կենտրոն

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում բացվել է գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական կենտրոն, որը հիմնվել է Orange Armenia-ի եւ “Շեն” բարեգործական կազմակերպության համատեղ ջանքերով:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Orange Armenia-ի մամուլի ծառայությունում, համակարգչային սրահը համալրված է 6 համակարգչով, տպիչ/սկաներով, Orange-ի Flybox սարքով, ինչը գյուղի բնակիչներին հնարավորություն է տալիս ոչ միայն կապի մեջ լինել աշխարհի հետ, այլեւ մասնակցել համակարգչային դասընթացների:

Մինչև ապրիլի 7-ը Դաշտադեմ գյուղի կանանց համար համակարգչային դասընթացները կանցկացվեն անվճար:

Նախագծի իրականացման համար Orange Armenia-ն տրամադրել է 2,350,000 դրամ:

“Ուրախ ենք, որ այսօր Orange-ի ընդարձակ 3G+ ցանցի շնորհիվ գերարագ ինտերնետը հասանելի է ոչ միայն մեծ քաղաքների, այլեւ գյուղերի բնակիչներին: Կարծում ենք, որ Հայաստանի ապագան ոչ միայն մեծ քաղաքներն են, այլ նաեւ փոքր գյուղերը, եւ շնորհալի մարդիկ այստեղ պիտի ունենան նույն հնարավորությունները, ինչ մայրաքաղաքում”,- ընդգծել է Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: