14:05 | 03.03.10 | Նորություններ | 3973
Երեւան/Մեդիամաքս/. Կառավարության կողմից ընդունված էլեկտրոնային հասարակության հայեցակարգը Հայաստանին թույլ կտա ընթանալ համաշխարհային տեխնոլոգիական զարգացմանը հավասար:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանը: Նա ասել է, որ հայեցակարգի հիմքում ընկած են հաջորդ սերնդի տեխնոլոգիական լուծումները, որոնց շնորհիվ “մեր երկիրը քարշ չի գա ամբողջ աշխարհի հետեւից”:
Վաչե Կիրակոսյանը նշել է, որ նոր փաստաթուղթը նախատեսում է համալիր միջոցառումներ, որոնք թույլ կտան Հայաստանում ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգը եւ տարբեր էլեկտրոնային ծառայություններ, զարգացնել լայնաշերտ ինտերնետը եւ այլն:
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ էլեկտրոնային հասարակության հայեցակարգի հիմնական նպատակն է համակարգել երկրում առկա էլեկտրոնային կառավարման համակարգերի աշխատանքը եւ ապահովել անխափան կապը նրանց եւ հասարակության միջեւ:
Synopsys Armenia-ի գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը ողջունել է էլեկտրոնային հասարակության ստեղծման գաղափարը` նշելով, որ “դա վերջին տարիների ընթացքում ընդունված միակ փաստաթուղթն է, որի իրականացումը շոշափելի արդյունք կունենա ինչպես բիզնեսի, այնպես էլ երկրի համար առհասարակ”: