12:57 | 15.10.09 | Նորություններ | 3423

VivaCell-MTS-ը ներկայացրել է կարիերայի զարգացման իր ծրագիրը

Երեւան /Մեդիամաքս/. VivaCell-MTS բջջային օպերատորը “Կրթություն եւ կարիերա 2009” ցուցահանդեսում ներկայացրել է Հայաստանի երիտասարդության կարիերայի զարգացման իր ծրագիրը: 

Ընկերությունում նշել են, որ VivaCell-MTS-ը մշակել է հիմնարար կորպորատիվ արժեքների համակարգ: Այդ արժեքները ներառում են այնպիսի հասկացություններ, ինչպիսին է աշխատանքը, թափանցիկությունը, հաճախորդամետությունը, հարգանքը, արդյունավետությունը եւ թիմային աշխատանքը:

“Հիմնարար արժեքների որդեգրմամբ նշանավորվեց ընկերության կազմակերպական զարգացման նոր շրջափուլը: Այդ արժեքներն ինքնանպատակ չեն, դրանք հետապնդում են վերջնական արդյունք: Մենք` իբրեւ ընտանիք, հավատարիմ ենք այդ արժեքներին, եւ դա է այն առանցքային հենքը, որը մեզ թույլ է տալիս հաշվետու լինել ընկերության թե’ արտաքին, թե’ ներքին շահառուների առջեւ”, - նշել է VivaCell-MTS-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կարիերայի զարգացման ծրագիրը գործում է չորս հիմնական ուղղություններով. ուսանողների ստաժավորում, VivaCell-MTS դպրոց, Բաց դռների օրեր, ինչպես նաեւ բարձրագույն ուսումնական հաստատություններում ընկերության մասնագետների կողմից անցկացվող դասախոսություններ եւ դասընթացներ: