09:34 | 14.10.09 | Նորություններ | 3567
Երեւան /Մեդիամաքս/. Ս.թ. հոկտեմբերի 15-ից «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերությունը սկսում է մեծածախ ինտերնետի մատուցումը Հայաստանի ինտերնետ-պրովայդերներին:
«ՋիԷնՍի-Ալֆա»-ից ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին, որ ծառայության մատուցումը հնարավոր դարձավ նրանից հետո, երբ ընկերությունը շահագործման հանձնեց օպտիկա-մանրաթելքային մալուխի հիման վրա կառուցված իր ցանցի Երեւան-Ագարակ հատվածը եւ իրականացրեց վերջինիս փոխկապակցումը Իրանի օպտիկա-մանրաթելքային ցանցի հետ: «Արդյունքում` Հայաստանը Իրանի տարածքով ստացավ հուսալի այլընտրանքային ելք դեպի համաշխարհային հեռահաղորդակցության համակարգեր», - նշեցին ընկերությունում:
Ս.թ. հոկտեմբերի 1-ից սկսած «ՋիԷնՍի-Ալֆան» Հայաստանի մի շարք խոշոր պրովայդերների հնարավորություն էր ընձեռնվել փորձարկել կապի որակը: Ստացված դրական արձագանքների հիման վրա ընկերությունը որոշում ընդունեց սկսել ծառայության առեւտրային մատուցումը:
«Մեր ընկերությունը մեծ կարեւորություն է տալիս նաեւ Ինտերնետի գների շարունակական նվազման խնդրին եւ վստահ է, որ հեռահաղորդակցության մայրուղային նոր օպերատորի մուտքը շուկա դրական ազդեցություն կունենա գների իջեցման հարցում: Մեր ստարտային սակագները, որոնք հրապարակված են www.gnc.am կայքում, արդեն իսկ ավելի ցածր են մինչ օրս հայաստանյան շուկայում առաջարկված սակագներից: Մենք ջանք չենք խնայելու, որպեսզի ամենամոտ ապագայում մեծածախ Ինտերնետի գները Հայաստանում դադարեն ծառայության ներթափանցումը խոչնդոտող գործոն լինելուց», - հայտնեցին ընկերությունում:
Ներկայումս «ՋիԷնՍի-Ալֆան» իրականացնում է իր ցանցի հյուսիսային հատվածի կառուցումը: Նախատեսվում է, որ հյուսիսային մայրուղու հիմնական գիծը շահագործման կհանձնվի 2010թ. առաջին եռամսյակում եւ կապահովի եւս երկու միջազգային ելք Վրաստանի տարածքով: