10:55 | 06.10.09 | Նորություններ | 4386
Երեւան /Մեդիամաքս/. WiMAX օպերատորներ “Cornet-AM”-ն ու iCon Communicaitions-ը ակտիվ աշխատանքներն են տանում ծածկույթի ընդլայնման եւ ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տված հարցազրույցում ասել է iCon Communicaitions-ի կոմերցիոն տնօրեն Րաֆֆի Քասարջյանը, ընկերությունը բաժանորդների թվի զգալի աճ է գրանցել ծածկույթի աշխարհագրության ընդլայնման եւ Երեւանի Նոր-Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Քասախ գուղում եւ Վահագնի թաղամասում ծածկույթ ապահովելուց հետո:
Րաֆֆի Քասարջյանը տեղեկացրել է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին, որ տնային պայմաններում օգտագործման նշանակություն ունեցող մոդեմներն ու USB-մոդեմները հավասար պահանջարկ են վայելում: Ֆիզիկական անձիք նախընտրում են iCon entry եւ iCon connect փաթեթները, իսկ կորպորատիվ բաժանորդները` iCon media եւ iCon optima փաթեթները:
Խոսելով ընկերության հետագա ծրագրերի մասին` Րաֆֆի Քասարջյանը տեղեկացրել է, որ մոտակա ամիսներին բազային կայանների թիվը կհասնի 70-ի, ինչը թույլ կտա Երեւանում լիարժեք ծածկույթ ապահովել: Ընկերությունը նախատեսում է ծածկել հանրապետության ողջ տարածքը 2010 թվականին:
Ներկայումս iCon-ի ծածկույթը Երեւանում կազմում է 70 ք.կմ.` ներառելով Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ, Զեյթուն, Նոր-Նորք եւ Ավան համայնքները. այստեղ տեղադրված են 38 բազային կայաններ:
“Cornet-AM”-ի գլխավոր տնօրեն Բորիս Դեմիրխանյանը կարծում է, որ ընկերության յուրաքանչյուր ծառայություն ունի իր սպառողը, սակայն “միանշանակ կարելի է խոսել որակյալ ծառայությունների նկատմամբ տնային բաժանորդների հետաքրքրության աճի մասին”:
Պատասխանելով սակագների հնարավոր իջեցման մասին հարցին` հաշվի առնելով “ԱրմենՏել”-ի կողմից մեծածախ ինտերնետի սակագների նվազեցման փաստը` Բորիս Դեմիրխանյանը նշել է, որ “Cornet-AM”- ը միշտ զգտում է վարել հավասարկշռված գնային քաղաքականություն եւ առաջարկում է տարբեր փաթեթներ, որոնք կոչված են օպտիմալացնել ծառայությունը վերջնական բաժանորդի համար:
“Այս համատեքստում մեր ընկերությանը հարկավոր չէ սպասել մայրուղային գծերի սակագների իջեցմանը, որպեսզի առավել գրավիչ դարձնել ծառայությունը մեր բաժանորդների համար”, - ասել է “Cornet-AM”-ի ղեկավարը:
“Cornet-AM”-ը ծառայություներ է մատուցում Երեւանում, ինչպես նաեւ հանրապետության 18 քաղաքներում. Վանաձոր, Գյումրի, Սեւան, Գավառ, Հրազդան, Չարենցավան,Դիլիջան, Իջեւան, Սպիտակ, Ստեփանավան, Աշտարակ, Աբովյան, Արտաշատ, Արմավիր, Էջմիածին, Գորիս, Կապան եւ Ալավերդի:
Բորիս Դեմիրխանյանի խոսքերով, տեխնոլոգիական հնարավորությունների շնորհիվ ընկերության բաժանորդները կարող են օգտվել “Cornet-AM”-ի ծառայություններից նաեւ Ծաղկաձորում, Մասիսում եւ Օշականում եւ այլ բնակավայրերում: