16:42 | 02.10.09 | Նորություններ | 4037
Երեւան /Մեդիամաքս/. Այսօր «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) Երեւանի թիվ 55 միջնակարգ դպրոցում բացել է Հայաստանում հեռահար ուսուցման առաջին դասարանը:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հաղորդել են «ԱրմենՏել»-ի մամուլի ծառայությունում, հեռահար ուսւոցման համակարգը ներդրվել է «Ալֆա» ընկերության հետ համատեղ:
«Սա նոր դպրոց է, 21-րդ դարի դպրոց, ապագայի դպրոց: Նոր ինտերակտիվ դասարանը խիզախ տեխնոլոգիական լուծում է, եւ մեր ընկերությունն ուրախ է ստաձնել նորարարությունների եւ հայկական դպրոցների միջեւ միջնորդի դերը՚, - դասարանի բացման արարողությանն ասել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նա նշել է, որ հեռահար ուսուցման այս դասարանը ստեղծվել է «Վառ ապագա Beeline-ի հետ» խորագրի ներքո իրականացվող կրթության, երեխաների, պատանիների եւ բարձր տեխնոլոգիաների զարգացման աջակցության` «ԱրմենՏել»-ի ռազմավարության շրջանակներում:
«Համակարգի հիմքում ընկած է Polycom QDX6000 տեսակոնֆերանսային կապը` համապատասխան ծրագրային փաթեթով: Այն ներդրվել է դպրոցի 16 դասարաններում, որոնք ներկայումս կարող են կապվել ոչ միայն միմյանց, այլեւ ցանկացած այլ հեռահար օգտվողի հետ», - նշել է «Ալֆա» ընկերության կոմերցիոն բաժնի ղեկավար Արթուր Ղարիբյանը: