14:21 | 02.09.09 | Նորություններ | 3830

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ի ղեկավարը կանխատեսում է “ուժեղ պայքար” շարժական ինտերնետի եւ տվյալների փոխանցման ոլորտում

Երեւան /Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի ղեկավար Ռալֆ Յիրիկյանը կարծում է, որ մոտ ապագայում ձայնային ծառայությունները կմնան բջջային օպերատորների միջեւ մրցակցության հիմնական բաղադրիչը:

Ռալֆ Յիրիկյանն այդ մասին ասել է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում` մեկնաբանելով կանխատեսումներն այն մասին, որ հայաստանյան շուկա բջջային երրորդ օպերատորի առաջիկա մուտքի պայմաններում մրցակցությունը կարող է տեղափոխվել լրացուցիչ ծառայությունների, մասնավորապես, շարժական ինտերնետի եւ տվյալների փոխանցման ոլորտ:

“Ձայնային ծառայությունները միանշանակ կմնան օպերատորների միջեւ մրցակցության հիմնական բաղադրիչը: Դրան զուգահեռ կզարգանան լրացուցիչ ծառայությունները: Մենք ամեն ամիս արձանագրում ենք մեր բաժանորդների կողմից տվյալների փոխանցման ծառայությունների օգտագործման ծավալների աճ: Առաջիկայում այդ ուղղության համար կծավալվի ուժեղ պայքար, սակայն մրցակցությունը, անկասկած, կպահպանվի ձայնային ծառայությունների ոլորտում”, - ասել է “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի ղեկավարը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում: