17:42 | 24.07.09 | Նորություններ | 4279

Ռոք-աստղեր Իէն Գիլանը եւ Էնթոնի Այոմին Հայաստան կայցելեն հոկտեմբերի սկզբին

Երեւան /Մեդիամաքս/. Deep Purple ռոք-խմբի հիմնադիր անդամ Իէն Գիլանը եւ Black Sabbath ռոք-խմբի հիմնադիր անդամ Էնթոնի Այոմին Armenia Grateful 2 Rock (“Հայաստանը շնորհակալ է ռոքին”) նախագծի շրջանակներում այս տարվա հոկտեմբերի սկզբին կայցելեն Հայաստան:

Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՄԵԴԻԱՄԱՔՍ լրատվական գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը:

“Հայաստանը շնորհակալ է ռոքին” նախագիծը համատեղ իրականացնում են ՄԵԴԻԱՄԱՔՍ լրատվական գործակալությունը եւ ավստրալիական “Do Something” բարեգործական կազմակերպությունը` ՀՀ նախագահի աշխատակազմի օժանդակությամբ:

Նախագծի գլխավոր հովանավորը “ՀայՌուսգազարդ” ընկերությունն է, գործընկերը` Armenia Marriott հյուրանոցը:

Հայաստան կայցելեն նաեւ “Ռոքն օգնում է Հայաստանին” նախագծի կազմակերպիչ, ավստրալիական Do Something բարեգործական կազմակերպության տնօրեն Ջոնաթան Մայքլ Դին եւ Asia ռոք-խմբի հիմնադիր անդամ Ջեֆրի Դաունսը: Շարունակվում են նաեւ Queen ռոք-խմբի հիմնադիր անդամ Բրայան Հարոլդ Մեյի եւ “Pink Floyd” ռոք-խմբի հիմնադիր անդամ Դէվիդ Ջոն Գիլմորի` Հայաստան այցելելուն ուղղված բանակցությունները: 

Այցի շրջանակներում ռոք-աստղերը ՀՀ նախագահի նստավայրում կպարգեւատրվեն Պատվո շքանշանով, կայցելեն Սպիտակ եւ Գյումրի: Աստղերը Երեւանում պաշտոնապես կներկայացնեն 1989 թվականին ձայնագրված Smoke on the Water երգի քավեր-տարբերակի ռեմիքսը: Ռեմիքսը վաճառքի կհանվի iTunes ինտերնետ-խանութում, եւ ողջ հասույթը կուղղվի Սպիտակի երկրաշարժի գոտում նախագծերի իրականացմանը:

Երեւան կգա նաեւ հայտնի ավստրալիացի թենիսիստ, 1984թ. Ուիմբլդոն մրցաշարի հաղթող, աշխարհի նախկին 4-րդ թենիսիստ Փետ Քեշը: “Ռոքն օգնում է Հայաստանին” նախագծի շրջանակներում 1990 թվականին ձայնագրվել է Led Zeppelin խմբի Rock-and-Roll երգի քավեր-տարբերակը, որում կիթառահարներ են եղել Փեթ Քեշը եւ ամերիկացի հայտնի թենիսիստ Ջոն Մաքինրոյը:  

ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի նախաձեռնությամբ Փեթ Քեշը Երեւանում վարպետության դաս կանցկացնի մեծ թենիսով զբաղվող հայ երեխաների համար: