11:13 | 16.07.09 | Հարցազրույցներ | 4148
“Սինտրոնիկս” ԲԲԸ փոխնախագահ Սերգեյ Ուրեզչենկոյի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Itel.am պորտալին
Այս տարվա մայիսին “Սինտրոնիկս” ընկերության նախագահ Սերգեյ Ասլանյանն ասել էր, որ Հայաստանում նոր տեխնոլոգիական նախագծերի ներգրավման նպատակով ստեղծվում է ռուս-հայկական վենչուրային հիմնադրամ: ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը մանրամասների համար դիմել է “Սինտրոնիկս”-ի փոխնախագահ Սերգեյ Ուրեզչենկոյին:
- Ո՞ր փուլում է հայ-ռուսական վենչուրային հիմնադրամի ստեղծման նախագիծը:
- Ներկայումս ընթանում է կողմերի ֆինանսական պարտավորությունների համաձայնեցման գործընթացը: Մասնավոր ներդրողների ներգրավման համար անհրաժեշտ է զարգացման ինստիտուտներից կոշտ ֆինանսական պարտավորություններ ստանալ հիմնադրամի ընդհանուր կապիտալիզացիայի առնվազն 20%-ի չափով: Այդ նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ բանակցություններ են անցկացվել Համաշխարհային բանկի եւ Արաբական Միացյալ էմիրությունների կառավարության հետ: Օգոստոսին նախանշված են բանակցություններ Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի հետ: Մենք բանակցել ենք նաեւ Ամերիկայում հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ:
Հիշեցնեմ, որ այդ ամենը տեղի է ունենում համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում, այնպես որ առանց ՀՀ կառավարության եւ զարգացման համաշխարհային ինստիտուտների երաշխավորագրերի մեզ շատ դժվար կլինի համոզել մասնավոր ներդրողներին: Այդ համատեքստում պետք է նշել, որ մենք վայելում ենք Հայաստանի իշխանությունների լիարժեք ըմբռնումը:
- Մայիսին Սերգեյ Ասլանյանն ասում էր, որ հիմնադրամը ստեղծվում է Հայաստան նոր տեխնոլոգիական նախագծեր ներգրավելու նպատակով: Նշանակու՞մ է դա արդյոք, որ նախագծերն ընտրվելու են երեւանյան ՙՄարս՚ գործարանում եւ հայաստանյան երեք գիտահետազոտական ինստիտուտներում իրագործման հեռանկարով, թե՞ նախագծերի կյանքի կոչմանը կարող են մասնակցել նաեւ այլ դերակատարներ` մասնավոր ընկերություններ Հայաստանից, Ռուսաստանից կամ այլ երկրներից:
- Ըստ էության, հիմնադրամը ստեղծվում է երկու խնդիրների լուծման նպատակով` “Մարս” ՓԲԸ տեխնոլոգիական ենթակառուցվածքի բարելավման եւ “Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ” ՓԲԸ հիմքի վրա տեխնոլոգիաների մշակման եւ ներդրման կենտրոնի ստեղծման համար:
Այդ ուղով են ընթացել մի շարք երկրներ (հայտնի են Իսրայելի, Ֆինլանդիայի, Սինգապուրի, Թայվանի օրինակները): Սակայն առաջնային հետազոտությունների արդյունքում ՀԲ-ն խորհուրդ է տվել հետեւել Արգենտինայի փորձին, որը վերջին 3-5 տարիների ընթացքում շատ մեծ առաջխաղացում է արձանագրել բիոտեխնոլոգիաների ոլորտում: Հայաստանում ավանդաբար ուժեղ է մշակումների այդ ոլորտը, ձեռնարկությունների աշխատանքի վարչարարական պայմաններն էլ նման են արգենտինականներին:
Ինչ վերաբերում է նախագծերի իրագործմանը, ապա առանց մասնավոր ներդրողների մոդելը փակ եւ ոչ լիովին արդյունավետ բնույթ կկրի Հայաստանում նորարարական տնտեսության ստեղծման համար: Այդ նպատակով “Ռենեսանս Կապիտալ” ընկերության հետ համատեղ եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության անմիջական մասնակցությամբ 2009թ. ապրիլին անց է կացվել հանդիպումների մի ամբողջ շարք Ամերիկայում հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ:
- Պատմեք հիմնադրամի համար արդեն դիտարկված որոշ նորարարական նախագծերի մասին:
- Ընտրական փուլում ներկայացվել են ավելի քան 50 նախագծեր տեխնոլոգիական տարբեր ոլորտներում: Նախագծերը ներկայացվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն եւ ՀԲ: Ներկայումս մենք խորացված ուսումնասիրության (due diligence) փուլում ենք, որին մասնակցում են ոչ միայն “Սինտրոնիկսի” ներկայացուցիչները, այլեւ փորձագետներ դրսից: Վերլուծության արդյունքում հնարավոր կլինի ավելի կոնկրետ խոսել: Սակայն արդեն կան առաջին արդյունքները, օրինակ, էկոնոմիկայի նախարարության օգնությամբ ձեռք են բերվել առաջնային պայմանավորվածություններ USAID-ի հետ Հայաստանում նորարարական նախագծերի ընտրության աշխատանքների ֆինանսավորման ծրագրի վերաբերյալ:
- Ե՞րբ կարելի է սպասել առաջին նախագծի գործարկմանը:
- Մեր բիզնես պլանում մենք առաջին նախագծերի գործարկումը նախատեսել ենք 2009թ. վերջում-2010թ. սկզբում: Սակայն ֆինանսական ճգնաժամն որոշակի շտկումներ է մտցրել: Բացի այդ, “ՌԱՕ Մարս” ՓԲԸ տեխնոլոգիական նորացման հարցն անբաժանելի է ձեռնարկության տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծումից: Այդ հարցը եւս մշակման փուլում է:
Այնուամենայնիվ, մենք դեռեւս չենք փոխում սահմանված ժամկետները, թեեւ դրանք վերջնականապես կպարզվեն ազատ տնտեսական գոտու հաստատման միջոցառումների իրականացումից հետո:
- Ինչպիսի՞ն է նախագծերի ներկայացման մեխանիզմը, ու՞ր պետք է դիմեն նորարարական գաղափարներ ունեցող մասնավոր անձինք եւ ընկերությունները:
- Մենք նախատեսում ենք բաց մրցույթներ անցկացնել ձեռնարկատերերից հայտեր հավաքելու համար, որից հետո դրանք կենթարկվեն պրոֆիլային փորձագիտության: Դա շատ աշխատատար գործընթաց է, որը պահանջում է լիակատար մասնակցություն գործընթացին:
Վիճակագրության համաձայն, նախագծերի միայն 5-10%-ն են ենթակա մանրամասն դիտարկման, որոնցից 2-4%-ը հասնում են ֆինանսավորման փուլին եւ ունակ են հաղթահարել, այսպես կոչված, “մահվան հովիտը” (այս արտահայտությունն օգտագործվում է զարգացման վաղ փուլերում /1-3 տարի/ գտնվող նախագծերի համար):
Դեռեւս պարզ չէ նաեւ մինչմեկնարկային (seed) ֆինանսավորման հարցը: Բոլոր երկրներում այդ ոլորտը կառավարության առաջնահերթությունն է, քանի որ շատ ռիսկային է եւ տնտեսապես անարդյունավետ: Սակայն առանց այդ փուլի վենչուրային գործարքների լիարժեք հոսքի ստեղծումը շատ բարդ է: Որքանով մեզ է հայտնի, ներկայում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը արեւմտյան փորձագետների հետ համատեղ ակտիվորեն զբաղվում է այդ խնդրով:
- Ինչպիսի՞ն է լինելու հիմնադրամի բաժնետերերի կազմը, եւ որքա՞ն է ներդրումների անհրաժեշտ ծավալը:
- Դեռեւս վաղ է այդ մասին խոսելը: Ամեն ինչ կախված է կողմերի, այդ թվում զարգացման ինստիտուտների վերջնական ֆինանսական պարտավորություններից: Ինչ վերաբերում է անհրաժեշտ ներդրումներին, ապա հիմնադրամի շահութաբերությունը նվազագույն մակարդակով ապահովելու համար անհրաժեշտ է հավաքել առնվազն $30-40 մլն: Մենք դրանով զբաղվում ենք “Ռենեսանս Կապիտալ”-ի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ:
Օգտվելով առիթից` կցանկանայի շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետին եւ էկոնոմիկայի նախարարին այս նախագծում ցուցաբերած օգնության համար: Առանց նրանց մասնակցության ֆինանսական ճգնաժամի պայմաններում հիմնադրամի ստեղծման գաղափարը գործնականում անիրականանալի կլիներ: