10:05 | 11.07.09 | Նորություններ | 4651

«Վիվասել-ՄՏՍ»-ը սկսում է վճարումներ ընդունել կոմունալ ծառայությունների դիմաց

Երեւան /Մեդիամաքս/. «Վիվասել-ՄՏՍ» բջջային օպերատորը հայտարարել է կոմունալ ծառայությունների դիմաց վճարումների ընդունման մեկնարկի մասին:

Ինչպես հաղորդել են ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին ընկերության մամլո ծառայությունում, սկզբնական փուլում ջրի, էլեկտրաէներգիայի, գազի եւ կապի ծառայությունների դիմաց վճարումները կընդունվեն «Վիվասել-ՄՏՍ»-ի սպասարկման 13 կենտրոններում:

Մինչեւ հուլիսի վերջ այդ ծառայությունը մատչելի կլինի «Վիվասել-ՄՏՍ»-ի սպասարկման 40 կենտրոններում` 19 Երեւանում եւ 21-ը` Հայաստանի բոլոր մարզերում:

Նոր նախագիծն իրագործվում է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի` էլեկտրոնային վճարումների իրականացման ծառայությունների մատակարար «Կվադրակոմ» ընկերության հետ համատեղ:

Մեկնաբանելով նոր ծառայությունը, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասաց.

«Ավելին, քան օպերատոր. ահա մեր տված խոստումը, ինչին եւ ուղղված են մեր ամենօրյա ջանքերը: Նոր համակարգն իսկապես վերափոխում է հաճախորդների սպասարկման գործընթացը, քանի որ այն մեզ հնարավորություն է տալիս մատուցել լավագույն սպասարկում յուրաքանչյուր հաճախորդին, ով կայցելի մեր սպասարկման կենտրոն»: