10:52 | 16.04.09 | Նորություններ | 3559

“Արմենբրոկը” ուսանողական մրցույթի մասնակիցներին կհատկացնի “Արցախ ՀԷԿ”-ի 100 բաժնետոմս

Երեւան /Մեդիամաքս/. “Արմենբրոկ” ներդրումային ընկերությունը սահմանել է հատուկ մրցանակ “Ես հաղթահարում եմ ճգնաժամը” ուսանողական ռեֆերատների մրցույթի երեք մասնակիցների համար:

Մրցույթի անցկացման կազմակերպիչներն են “Մեդիամաքս” գործակալությունն ու Banks.am պորտալը, ՀՀ կառավարությունն ու Կենտրոնական բանկը: Մրցույթի կազմակերպիչները հայտարարել են, որ շահագրգիռ կազմակերպություններն ու ընկերություները կարող են սահմանել իրենց մրցանակները ուսանողների համար:

“Արմենբրոկ” ընկերությունը երեք աշխատանքների համար սահմանել է հատուկ մրցանակ` “Արցախ ՀԷԿ” ԲԲԸ 100 բաժնետոմս (1 բաժնետոմսի տեղաբաշխման արժեքը 1050 դրամ է): Լավագուն աշխատանքների երեք հեղինակներին կտրամադրվեն, համապատասխանաբար, 50, 30 եւ 20 բաժնետոմսեր: Մրցանակները մասնակիցներին կհանձնվեն  մայիսի 10-ից հետո` “Արցախ ՀԷԿ” ԲԲԸ բաժնետոմսերի տեղաբաշխումից հետո:

Արամ Քայֆաջյանը չի բացառել նաեւ, որ երեք ռեֆերատների հեղինակներին կարող է հնարավերություն ընձեռվել աշխատանքային ստաժավորում անցնել “Արմենբրոկ” ընկերությունում:

Լավագուն ռեֆերատները կտեղադրվեն Banks.am պորտալում, իսկ առաջին, երկրորդ եւ երրորդ մրցանակակիրները կպարգեւատրվեն համապատասխանաբար 150, 100 եւ 75 հազար դրամ դրամական մրցանակներով: Լավագույն աշխատանքների հեղինակները կհանդիպեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, տնտեսական բլոկի նախարարներին եւ Կենտրոնական բանկի Խորհրդի անդամներին:

Ռեֆերատներն ընդունվում են www.Banks.am կայքի http://banks.am/index.php?al=contest բաժնում:

Ռեֆերատներն ընդունվում են ապրիլի 7-ից 20-ը ներառյալ: