17:30 | 09.04.09 | Հարցազրույցներ | 4540

“Մենք ստիպված ենք լինելու այդ ճանապարհն անցնել մեկ-երկու տարում”

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանի հարցազրույցը “Մեդիամաքս” գործակալությանն ու Itel.am կայքին

- Ի՞նչ փուլում է գտնվում ՀՀ հեռահաղորդակցային ոլորտի ապամենաշնորհման գործընթացը: Ի՞նչ է արվել եւ դեռ ի՞նչ պետք է արվի շուկայի լիարժեք ազատականացման համար:

- Ապամենաշնորհման գործըթացը փուլային բնույթ է կրում, եւ դրա մի մասն արդեն իրականացվել է: Առաջին հերթին դա “ԱրմենՏելի” լիցենզիայի վերախմբագրումն էր, ըստ որի վերացվեցին այդ ընկերության բացառիկ իրավունքները: Այնուհետեւ մշակվեցին իրական ծառայությունների շուկայում ըստ տեսակների կարգավորող փաստաթղթերը, ինչը հնարավորություն տվեց նոր խաղացողներին մուտք գործել շուկա: Այդ գործընթացի շրջանակներում տրամադրվեցին լիցենզիաներ եւ սկսվեց փոխկապակցման, գծերի վարձակալության գործընթացը, ինչը միջավայր եւ հնարավորություններ ստեղծեց մրցակցային դաշտում գործունեություն ծավալելու համար: Դրան հաջորդեցին իրական ներդրումային դաշտի ձեւավորման փուլը եւ ավելի լուրջ ընկերությունների մուտքը շուկա:

Այս ամենից հետո ակնկալում ենք ավելի իրական մրցակցային դաշտ հեռահաղորդակցության բոլոր ճյուղերում` բոլոր ծառայությունների մասով, որից հետո Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀԾԿՀ/ դերը կլինի առավելապես շուկայի պաշտպանությունն ու հավասար մրցակցային դաշտի ապահովումը:

Առաջին երկու փուլերն արդեն իսկ իրականացվել են, եւ “ԱրմենՏելի” լիցենզիայի վերախմբագրումից հետո մրցակցային դաշտում ունենք ելքային ձայնային ծառայությունների առաջին շուկան /VoIP/, որը քիչ ներդրումներ պահանջող ծառայություն է: Այս ոլորտում հանձնաժողովը շուրջ 100 լիցենզիա տրամադրեց, ինչը հնարավորություն տվեց ընկերություններին հաջող մրցակցություն ծավալել դաշտում: Այդ ընկերություններն իրենց դրական դերակատարումն ունեցան շուկայում` հանգեցնելով ելքային զանգերի սակագների իջեցմանը: Սակայն դա, բնականաբար, չէր կարող բավարարել ՀԾԿՀ-ին, քանի որ այդ շուկան չի նպաստում ենթակառուցվածքների զարգացմանը, ուստի հանձնաժողովի կողմից մշակվեցին ավելի լուրջ փաստաթղթեր, որոնցով կանոնակարգվեցին ավանդական գերիշխողի` “ԱրմենՏել” ընկերության հետ այն հարաբերությունները, որոնք հնարավորություն են տալիս պրովայդերներին եղած ենթակառուցվածքների հետ փոխկապակցելու իրենց կողմից կառուցվող ենթակառուցվածքները:

Բոլորովին վերջերս ունեցանք երկրորդ WiMax օպերատորի մուտքը: Ինչպես գիտեք, առաջին օպերատորը` “Կոռնետ-ԱՄ”-ը, արդեն իսկ անլար ինտերնետային հասանելիության ծառայություններ է մատուցում Հայաստանի 18 քաղաքներում:  Երկրորդ ընկերությունը` ICON,  եւս հայտարարեց իր պաշտոնական բացման մասին եւ այսօր մեծ պահանջարկ ունի: Մոտակա երեք ամիսների ընթացքում եւս մեկ ընկերություն կհայտարարի շուկա իր պաշտոնական մուտքի մասին:

Այս ընկերությունները լուրջ կազմակերպություններ են, որոնք նպաստում են իրական ենթակառուցվածքների ստեղծմանը եւ լայնաշերտ  ինտերնետի հասանելիությանը ոչ միայն ՀՀ մայրաքաղաքում, այլեւ բոլոր մարզերում և հեռավոր գյուղերում: Եվ այս ռադիոծածկույթի միջոցով հնարավոր կլինի կիրառել WiMax-ի վերջին փորձը Հայաստանում: Վստահորեն կարելի է ասել, որ ապամենաշհորհման գործընթացը հանգեցրեց նրան, որ ավելի քան 10 տարի հեռահաղորդակցման ծառայությունների քաղց ունենալուց հետո մենք հնարավորություն ենք ստանում արդիական լավագույն տեխնոլոգիաների կիրառմամբ բավարարել էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների օրավուր աճող պահանջարկը, ինչը ես շատ կարեւորում եմ:   

Բացի այդ, նորագույն տեխնոլոգիաների ներմուծումը հնարավորություն է տալիս շուկայում ինտերնետային հասանելիության ծառայություններ մատուցող ընկերություններին տրամադրել նաեւ ֆիքսված հեռախոսակապի  ծառայություններ: Այդ նպատակին էին ուղղված հանձնաժողովի մի շարք որոշումներ` համարների պլանի եւ կոդերի դասակարգման եւ հատկացման վերաբերյալ: Դրան նախորդել էին  Հեռահաղորդակցության Միջազգային Միության (ITU) հետ աշխատանքները, որի հիման վրա հատկացվեցին ոչ աշխարհագրական կոդերը, եւ առաջիկայում ևս   կհատկացվեն, որպեսզի կարողանանք բավարարել ներքին պահանջարկը:  Ակնկալում ենք, որ մինչեւ տարեվերջ լուրջ մրցակցություն կծավալվի ֆիքսված հեռախոսային ծառայությունների մասով, որոնք կմատուցեն առնվազն 3-5 նոր ընկերություններ: Դրանք հանրապետության ողջ տարածքում կձեւավորեն իրենց ցանցային ենթակառուցվածքները, որոնց միջոցով հնարավոր կլինի նաեւ վիրտուալ ցանցերի ծառայություններ /Virtual Private Network -VPN / մատուցել, ինչը տնտեսության բոլոր ճյուղերի զարգացման համար շատ անհրաժեշտ ենթակառուցվածք է: Այս ծառայությունը չափազանց կարեւոր է Հայաստանի տարբեր մարզերում ստորաբաժանումներ ունեցող կազմակերպությունների համար, որոնք իրենց տվյալների հաղորդման, կենտրոնացման եւ օպերատիվ կառավարման  հնարավորություն կստանան:

- Ինչպե՞ս եք գնահատում ՀԾԿՀ-ի եւ “ԱրմենՏելի” փոխգործակցությունը ապամենաշնորհման գործընթացում:

 - Կարծում եմ, ունենք բավական դրական եւ հավասարակշռված աշխատանքային հարաբերություններ, որոնք ողղված են կողմերի փոխադարձ իրավունքների եւ պարտավորությունների կատարմանը: Հարկ է նշել, որ թիվ 60 լիցենզիայով սահմանված բացառիկ իրավունքների վերացմանը մեծապես նպաստեցին “ԱրմենՏելի” նոր բաժնետերերը`  ի դեմս ռուսական “Վիմպելկոմ” ընկերության: Եվ այս ամենից հետո Հայաստանը մտավ նոր իրավական դաշտի ձեւավորման փուլ, որը պետք է ուղղված լինի մրցակցային պայմանների եւ հավասար տնտեսական մրցակցության դաշտի ձեւավորմանը: Ապա ավանդական գերիշխողի ենթակառուցվածքների օգտագործման անհրաժեշտություն առաջացավ, եւ այս համատեքստում ի հայտ եկան լուրջ խնդիրներ: Դրանց հետ կապված մեր հարաբերություններում կան որոշ սուր անկյուններ, որոնց հարթեցումը որոշակի ընթացք եւ ժամանակ է պահանջում:  Բարեփոխումների որոշ հատվածներ զարգացած երկրներն անցել են 10-15 տարում, սակայն Հայաստանը չունի այդ ժամանակը, քանի որ շատ է հետ ընկել համաշխահային զարգացումներից: Մենք ստիպված ենք լինելու այդ ճանապարհն անցնել մեկ-երկու տարում` հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը: Մեզանից շատ ջանք ու եռանդ կպահանջվի, որպեսզի խուսափենք դեֆորմացված շուկայի ձեւավորումից:

- Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է արդյոք առանձին վերցրած մեկ ոլորտի լիարժեք ապամենաշնորհումը, թե՞ դա պետք է տեղի ունենա տնտեսության այլ ոլորտների հետ զուգընթաց:

- Իհարկե, հնարավոր է: Այսօր մենք խոսում ենք հեռահաղորդակցության ոլորտի մասին, որը ենթադրում է դաշտում ինքնուրույն ենթակառուցվածքներ եւ ինքնուրույն  ծառայությունների մատուցում: Իհարկե, որոշակի ծառայություններ կան եւ կլինեն, որոնք նույնիսկ մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ դարձնել մրցակցային, քանի որ չկան համապատասխան ենթակառուցվածքները եւ հնարավորությունները, եւ այս երեւույթը հատուկ է ոչ միայն Հայաստանին:

Հեռահաղորդակցության ոլորտն այսօր բարեփոխումների եւ հստակ ընկալելի իրավական դաշտի ձեւավորման ու պաշտպանության խնդիր ունի, որպեսզի ներդրողները հասկանան` ուր է տանում կարգավորման քաղաքականությունը:

- Ի՞նչ գնահատական կտայիք Հայաստանում բջջային կապի երկու օպերատորների մրցակցության մակարդակին ու մեթոդներին:

- Այսօր բավական լավ դինամիկա ունենք դաշտում, սակայն եթե հարաբերակցությունը շուկայում կազմում է 4:1 / “ՎիվաՍել-ՄՏՍ”-“ԱրմենՏել”/, կարգավորողին այս երեւույթը չի կարող գոհացնել: Այդ իսկ պատճառով հանձնաժողովը Հայաստանի կառավարությանն առաջարկեց հայտարարել  բջջային կապի երրորդ օպերատորի լիցենզիայի միջազգային մրցույթ, որտեղ, ինչպես հայտնի է, հաղթող ճանաչվեց France Telecom ընկերությունը:

Այս գործընթացը տվեց կրկնակի արդյունք. առաջին` մենք կունենանք երրորդ օպերատոր, որը կկատարի ներդրումներ, կկառուցի ցանց եւ կստեղծի ենթակառուցվածք, և երկրորդ` այս ոլորտում Հայաստանն առաջին անգամ կարողացավ ցույց տալ, որ երկիրը ներդրումների առումով գրավիչ է, եւ այդ լիցենզիայի համար վճարված 51.5 մլն եվրոն դրա վառ ապացույցն է:   

- Ներկայումս երկու օպերատորները բանակցություններ են վարում փոխկապակցման նոր պայմանագրի ուղղությամբ: ՀԾԿՀ-ն այդ գործընթացում ունի զուտ դիտորդի՞ դեր, թե՞ դուք թեկուզ եւ անուղղակի, բայց որեւէ կերպ մասնակցում եք բանակցություններին:

- Երկու ընկերությունները պարտավոր են փոխկապակցման պայմանները ներկայացնել հանձնաժողովի հաստատմանը, եւ մենք այդ մասին գրավոր տեղեկացրել ենք օպերատորներին: Ի դեպ, այս հարցը մի փոքր ավելի լայն է, քանի որ խոսքը միայն երրորդ օպերատորի մուտքի կամ ընկերությունների փոխադարձ հարաբերությունների մասին չէ, մենք նաեւ լուրջ մրցակցություն ենք ակնկալում ֆիքսված հեռախոսային ծառայությունների մատուցման բնագավառում, եւ սա նշանակում է, որ թե “ԱրմենՏել”-ը, թե “ՎիվաՍելլ-ՄՏՍ”-ը եւ թե Orange-ը պարտավոր են լինելու հրապարակել իրենց օրինակելի փոխկապակցման առաջարկները, որպեսզի ֆիքսված ծառայություններ մատուցող այլ ընկերություններ կարողանան իրենց բաժանորդներին այլ ցանցերի մուտքի հնարավորություն ապահովել, որպեսզի փոխկապակցումը տեղի ունենա, եւ զանգերը վերջնավորվեն այդ ցանցում: Իրականում սա շատ ավելի լայն եւ ընդգրկուն հարց է, որովհետեւ բոլոր ընկերությունների համար այդ պարտավորությունները գոյություն ունեն: Այս պահին մենք գրությունները հղել ենք, եւ ընկերությունները խոստացել են  ներկայացնել իրենց օրինակելի առաջարկները, որից հետո հանձնաժողովը կքննարկի եւ կընդունի համապատասխան որոշում, քանի որ եւ ֆիքսված, եւ բջջային ցանցերի մասով մենք խնդիրներ ենք տեսնում, որոնք անհրաժեշտ է կարգավորել: 

- Տարեսկզբին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ-ն քննարկում է ՀՀ-ում MNP ծառայության ներդրման հարցը: Ո՞ր փուլում են այդ քննարկումները եւ ե՞րբ կարելի է ակնկալել այս կամ այն որոշման կայացում:

- Այո, այս ուղղությամբ որոշում կկայացվի, սակայն դժվարանում եմ խոսել ժամկետների մասին, քանի որ այս հարցը բավականաչափ աշխատատար է եւ խնդրահարույց: Նշեմ, որ շատ երկրներում անցումը դեպի MNP ծառայություն  տեւել է 5-10 տարի: Սակայն կան նաեւ երկրներ, որտեղ անցումը այդ համակարգ այդպես էլ տեղի չի ունեցել: Մենք իսկապես ունենք շուկաների եւ ենթակառուցվածքների ձեւավորման խնդիր, որի առկայության պարագայում կարելի է կիռառել այդ ծառայությունը, բայց սա չի նշանակում, որ մենք չենք աշխատելու այս ուղղությամբ եւ չենք փորձելու արագ ներմուծել այն: Պարզապես մենք միջազգային փորձի լուրջ ուսւմնասիրման և  խորհրդատվական աջակցության կարիք ունենք, ինչի համար դիմել ենք դոնոր կազմակերպություններին եւ ակնկալում ենք ստանալ համապատասխան աջակցություն` խորհրդատվական եւ տեխնիկական օժանդակության տեսքով, որից հետո հանձնաժողովը կքննարկի եւ կընդունի համապատասխան որոշում: Սակայն վերջնական որոշում կայացնելու համար, իմ կարծիքով,  կպահանջվի ոչ պակաս, քան 1-2 տարի:  

- “ԱրմենՏելի” գլխավոր տնօրենը մարտի 30-ին ասել է, որ MNP-ի ներդրումը “տեղին է բջջային կապի շուկայի 110-130 տոկոսանոց հագեցվածության պարագայում”: “Սակայն ՀՀ-ում շուկայն այդքան հագեցած չէ, եւ MNP-ի ներդրումը կարելի է դիտարկել որպես “կանաչ լույս” շուկայի մասնակիցներից մեկի համար”,- ասել է Նեյչո Վելիչկովը: Ինչպե՞ս կմեկնաբանեք “ԱրմենՏելի” ղեկավարի այս խոսքերը:

- Ես ձեռնպահ կմնամ մեր կողմից լիցենզավորվող ընկերության ղեկավարի որեւէ արտահայտության մեկնաբանումից, որովհետեւ ունեմ իմ սեփական կարծիքը, որը ներկայացրեցի: Իհարկե, գնալու ենք այդ ճանապարհով, իհարկե ներդնելու ենք այդ ծառայությունը, անկախ նրանից` դա ձեռնտու է ընկերություններից որեւէ մեկին, թե ոչ: Մենք միանշանակորեն կգնանք այդ քայլին, քանի որ մրցակցային պայմանների պահպանման եւ բաժանորդների հարմարավետության ապահովման համար այն ուղղակի անհրաժեշտ է: Այլ հարց է, որ այս պահին մենք դեռեւս պատրաստ չենք:

- Վերջին շրջանում ՀԾԿՀ-ն համարային տարողունակություն է տվել մի շարք ընկերությունների, որոնք կարող են օգտագործել դրանք ֆիքսված կապի ծառայություններ մատուցելու համար: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ պետք է անեն այդ ընկերությունները, որպեսզի “ԱրմենՏելի” հետ իրական մրցակցություն ապահովեն: 

- Պետք է որակյալ եւ ժամանակակից ցանցեր կառուցեն, անհրաժեշտ ներդրումներ կատարեն, տրամադրեն որակյալ ծառայություններ և որակյալ սպասարկում իրականացնեն` կիրառելով ժամանակակից մեթոդներ: 

- Վերջերս ՀՀ ինտերնետային ծառայությունների շուկա մտան նոր դերակատարներ: Բացառված չէ, որ հետագայում շուկա մտնեն նաեւ այլ ընկերություններ: Կարելի՞ է խոսել այն մասին, որ ՀՀ ինտերնետային ծառայությունների շուկան որոշակի “բում” է վերապրում:

- Հուսով եմ, որ դա այդպես է: Հաշվի առնելով առկա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը` ես գոհ եմ նոր ընկերությունների կողմից կատարվող ներդրումների ծավալներից եւ նաեւ ծանոթ եմ որոշ ընկերությունների արդեն իսկ հաստատված ներդրումային ծրագրերին, որոնք նախատեսված է իրականացնել մինչեւ 2010թ. վերջ: Կարծում եմ, մենք առաջընթաց կունենանք, ծածկույթ եւ ենթակառուցվածքներ Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում գյուղերում, ինչը հնարավորություն կտա ապահովել ծառայությունների հասանելիությունը: Այսօրվա դրությամբ ֆիքսված հեռախոսակապի հագեցվածությունը Հայաստանում կազմում է 50-55 տոկոս, եւ դա նշանակում է, որ մեր բնակչության կեսը, լինելով հավանական բաժանորդ, չի կարողանում օգտվել այդ ծառայություններից, որովհետեւ չկա նման առաջարկ: Սա առաջին խնդիրն է, որը մենք պետք է լուծենք, որպեսզի ենթակառուցվածքների եւ ցանցային ընկերությունների գոյացմամբ հասանելի լինեն ծառայությունները: Այլ հարց է այդ ծառայությունների գինը եւ հատուցման մեխանիզմները: Համաշխարհային բանկի խորհրդատուների հետ համատեղ մենք աշխատում ենք Ունիվերսալ ծառայությունների հիմնադրամի ստեղծման ուղղությամբ, որի միջոցով կկարողանանք ֆինանսավորել եւ սուբսիդավորել ենթակառուցվածքներն ու ծառայությունները, որոնք կոմերցիոն տեսանկյունից գրավիչ չեն լինի հեռավոր գյուղերում կամ քիչ բնակեցված  վայրերում  կիրառելու համար: Մեր աշխատանքի հիմնական ուղղություններից մեկը լինելու է սահմանամերձ գյուղերում որակյալ եւ հուսալի ցանցերի առկայության ապահովումը` ի նպաստ մեր ազգային անվտանգության, պաշտպանության, դեմոգրաֆիկ քաղաքականության եւ այլ հարցերի: Մեր երկրի ապագայի տեսանկյունից սա ամենակարեւոր խնդիրներից մեկն է: