Ucom-ը եւ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտարարում են «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագրի շրջանակում նոր համագործակցության մասին։
Ucom-ի աջակցությամբ ծրագրի նախագծային բաղադրիչն այսուհետ կունենա նաեւ կանաչ ուղղվածություն՝ աշակերտների ստացած ԱԲ գիտելիքները կապելով բնապահպանական խնդիրների եւ կայուն զարգացման մարտահրավերների հետ։ 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում ԱԲ դասարանների շրջանավարտների մշակած նախագծերից 10-ը կունենան բնապահպանական ուղղվածություն՝ բխելով նաեւ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներից։
Նախաձեռնության մեկնարկի կապակցությամբ Ucom-ի եւ FAST-ի ներկայացուցիչներն այցելեցին ծրագրին մասնակցող Երեւանի Գ․ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոց, հանդիպեցին աշակերտների եւ ուսուցիչների հետ ու ծանոթացան ուսումնական գործընթացին եւ աշակերտների կողմից իրականացվող նախագծերին։
«Տեխնոլոգիական գիտելիքն առավել արժեքավոր է դառնում այն ժամանակ, երբ երիտասարդները կարողանում են այն կիրառել իրական խնդիրների լուծման համար։ Այս համագործակցությամբ մենք ցանկանում ենք աշակերտներին ցույց տալ, որ արհեստական բանականությունը կարող է լինել ոչ միայն նորարարության եւ բիզնեսի զարգացման գործիք, այլեւ օգնել գտնելու լուծումներ բնապահպանական խնդիրների համար։ Ucom-ի համար կարեւոր է աջակցել այնպիսի կրթական նախաձեռնությունների, որոնք զարգացնում են երիտասարդների տեխնոլոգիական մտածողությունը եւ միաժամանակ ձեւավորում պատասխանատու վերաբերմունք մեր երկրի եւ շրջակա միջավայրի ապագայի նկատմամբ»,– ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Ծրագրի առանցքային նպատակներից է աշակերտների մոտ նորարար մտածողության ձեւավորումը։ Աշակերտները սովորում են առարկայորեն նայել ստացվող գիտելիքին՝ կիրառելով այն սեփական համայնքի խնդիրների լուծման համար։ Այս տեսանկյունից Ucom-ի հետ ձեւավորվող համագործակցությունն իսկապես օրինակելի է։ Այն անմիջականորեն խթանում է աշակերտներին մեծ մտածել եւ զգալ սեփական ներուժը Հայաստանի եւ աշխարհի համար կենսական խնդիրների լուծման գործում»,– նշել է FAST-ի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանը։
Ծրագրի շրջանակում աշակերտները կայցելեն նաեւ Ucom, որտեղ հնարավորություն կունենան ծանոթանալու հեռահաղորդակցության ոլորտում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներին, ընկերության տեխնիկական եւ թվային լուծումներին, ինչպես նաեւ մասնագետների աշխատանքին եւ ոլորտում առկա մասնագիտական հնարավորություններին։
Նշենք, 2023 թվականից FAST-ի եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից իրականացվող «ԱԲ սերունդ» ծրագիրը հնարավորություն է տալիս աշակերտներին ավագ դպրոցի երեք տարիների ընթացքում՝ որպես ամենօրյա դասացանկի մաս, սովորել արհեստական բանականություն, խորացված հանրահաշիվ եւ Python ծրագրավորման լեզու։ Ծրագրի ավարտին աշակերտներն արդեն կարողանում են կիրառել ԱԲ գործիքներն ստեղծողի մակարդակում եւ իրականացնել սեփական տեխնոլոգիական նախագծերը։