14:14 | 13.08.26 | Նորություններ | 146

Ucom-ի աջակցությամբ մեկնարկել է FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը

Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը մեկնարկել է պատանիների համար նախատեսված առաջին դեմքից դիտում ապահովող (FPV) դրոնների անվճար կրթական ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում անցկացվել է գործնական դաս՝ դաշտային թռիչքներով։ 

Դասընթացին ներկա էր նաեւ Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի շրջանակում ստացվել է մասնակցության ավելի քան 500 հայտ։ Ընտրված մասնակիցներն արդեն ծանոթացել են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) տեխնոլոգիաներին, FPV համակարգերի կառուցվածքին, սարքերի կառավարմանը, թռիչքների պլանավորմանն ու անվտանգ իրականացմանը։

«Տեխնոլոգիական կրթությունը միայն տեսական գիտելիքների փոխանցումը չէ․ կարեւոր է, որ երիտասարդները հնարավորություն ունենան ստացած գիտելիքները փորձարկել եւ կիրառել նաեւ գործնականում։ Ucom-ում մեզ համար կարեւոր է, որ երիտասարդները շարունակեն հետաքրքրվել տեխնոլոգիաներով եւ զարգացնեն իրենց մասնագիտական հմտությունները։ Վստահ ենք, որ նման ծրագրերն ամրապնդում են Հայաստանի դիրքերը որպես նորարարական եւ տեխնոլոգիական կենտրոն»,- նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Գործնական դասի ընթացքում մասնակիցները ամրապնդել են իրենց հմտությունները դաշտային պայմաններում՝ իրականացնելով FPV դրոնների թռիչքներ եւ կատարելագործելով սարքերի կառավարման, ծրագրային եւ թռիչքային պարամետրերի կարգավորման տեխնիկան։ Ձեռք բերված փորձը կարեւոր հիմք է հետագա բարդ թռիչքային վարժությունների եւ միջազգային FPV մրցարշավերին մասնակցելու համար։

«Ucom-ի աջակցության շնորհիվ մենք կարողացանք փուլ առ փուլ իրականացնել այս կրթական ծրագիրը՝ սկսած մասնակիցների ընտրությունից մինչեւ տեսական եւ գործնական փուլեր։ Այսօր արդեն մասնակիցները կարողանում են իրենց ձեռք բերած գիտելիքները կիրառել դաշտային պայմաններում՝ կատարելով իրական թռիչքներ եւ զարգացնելով իրենց օպերատորական հմտությունները։ Մեր նպատակն է ոչ միայն սովորեցնել կառավարել դրոն, այլ նաեւ ձեւավորել տեխնիկական մտածողություն, ինժեներական մոտեցում եւ ստեղծել նոր հնարավորություններ երիտասարդների համար ԱԹՍ ոլորտում»,- ասել է  ArmDrone համայնքի հիմնադիր Հայկ Կարապետյանը։

Ucom-ը շարունակաբար իրականացնում է տեխնոլոգիական կրթությանն ու երիտասարդների զարգացմանն ուղղված նախաձեռնություններ՝ նպատակ ունենալով խթանել ժամանակակից տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրությունը, զարգացնել թվային, տեխնիկական եւ ինժեներական հմտությունները։ ArmDrone-ի հետ իրականացվող FPV* (First-person view) դրոնների կրթական ծրագիրը այս նախաձեռնությունների շարքի կարեւոր մասն է, որը երիտասարդներին հնարավորություն է տալիս ձեռք բերել ԱԹՍ տեխնոլոգիաների վերաբերյալ տեսական գիտելիքներ եւ զարգացնել դրանց կիրառման համար անհրաժեշտ գործնական հմտություններ, որոնք կարող են հիմք դառնալ նրանց հետագա կրթական եւ մասնագիտական ուղու համար։