14:39 | 12.08.26 | Նորություններ | 213
Ucom-ի աջակցությամբ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից իրականացվող «Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դպրոցականների համար» դասընթացն ամփոփվել է Mini CTF (Capture The Flag) մրցույթով, որին մասնակցեց 61 շրջանավարտ՝ կազմելով 19 թիմ։
Նրանք մրցել են Jeopardy ձեւաչափով CTF հարթակում եւ լուծել են տարբեր բարդության առաջադրանքներ, որոնք ընդգրկում էին կիբեռանվտանգության հիմնարար թեմաներ։
Մրցույթի առաջադրանքները մշակված էին իրականությանը մոտ սցենարների հիման վրա։ Մասնակիցները թիմերով լուծում էին կիբեռանվտանգության տարբեր խնդիրներ՝ կիրառելով տեխնիկական գիտելիքներ, տրամաբանական մտածողություն եւ թիմային աշխատանքի հմտություններ։ Այն ծրագրի մասնակիցներին հնարավորություն է տվել գործնականում կիրառելու դասընթացի ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները։
«Հայաստանի թվային զարգացումը կախված է ոչ միայն ժամանակակից ենթակառուցվածքներից, այլեւ այն մարդկանցից, որոնք կարող են անվտանգ, պատասխանատու եւ վստահորեն գործել տեխնոլոգիական միջավայրում։ Այդ պատճառով Ucom-ի համար կարեւոր է դեռ դպրոցական տարիքից նպաստել կիբեռանվտանգության գիտելիքների եւ գործնական հմտությունների ձեւավորմանը։ Այս նախաձեռնությամբ մենք նպատակ ունենք զարգացնելու երիտասարդների կարողությունները, հետաքրքրություն առաջացնելու տեխնոլոգիական մասնագիտությունների նկատմամբ, ինչն էլ կնպաստի ապագա տեխնոլոգիական համայնքի ձեւավորմանը»,- նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ծրագրի բոլոր մասնակիցները ստացել են մասնակցության հավաստագրեր եւ խրախուսական մրցանակներ։
«Mini CTF-ը ծրագրի տրամաբանական եւ կարեւոր եզրափակիչ փուլն էր։ Մեզ համար էական էր, որ մասնակիցները ոչ միայն ստանային տեսական գիտելիքներ, այլեւ հնարավորություն ունենային դրանք կիրառելու իրականությանը մոտ միջավայրում։ Նման փորձառությունը զարգացնում է ոչ միայն տեխնիկական հմտությունները, այլեւ վերլուծական մտածողությունը, համագործակցելու կարողությունն ու ինքնավստահությունը»,- նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Մարի Բարսեղյանը։
Ucom-ի աջակցությամբ իրականացված ծրագրին մասնակցել են 14–17 տարեկան դպրոցականներ։
Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացել են ժամանակակից թվային սպառնալիքներին, սովորել են դրանցից պաշտպանվելու հիմնական գործիքներն ու սկզբունքները, ինչպես նաեւ պատկերացում կազմել կիբեռանվտանգության ոլորտի մասնագիտական հնարավորությունների մասին։ Mini CTF մրցույթը դարձավ ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները գործնականում կիրառելու եզրափակիչ փորձությունը։
Այս նախաձեռնությունը դարձել է Ucom-ի եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի համագործակցության հերթական քայլը՝ նպաստելով Հայաստանում երիտասարդների թվային գրագիտության բարձրացմանն ու տեխնոլոգիական կարողությունների զարգացմանը։