Երեւանում մեկնարկել է «Armenia LLM Summer School»-ի երրորդ թողարկումը։
Օգոստոսի 3–7-ը AI9 Startup Campus-ում անցկացվող ինտենսիվ կրթական ծրագիրը համախմբել է մեծ լեզվական մոդելներով (LLM) զբաղվող ուսանողների, հետազոտողների եւ ոլորտի մասնագետների։
Ամառային դպրոցի նպատակն է լրացնել համալսարանական կրթության եւ արագ զարգացող LLM ոլորտի միջեւ առկա բացը՝ մասնակիցներին փոխանցելով ինչպես տեսական, այնպես էլ կիրառական գիտելիք։
Մեկ շաբաթվա ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն LLM-ների նախաուսուցումը, մասշտաբավորման օրենքները, հետուսուցումը, reinforcement learning-ը, test-time scaling-ը, գործակալական (agentic) ու reasoning համակարգերը, ինչպես նաեւ տեսալեզվային մոդելները, ռոբոտաշինությունը եւ world models-ը։
Դպրոցի առաջին դասախոսությունն անցկացրել է Պորտուգալիայում ԱԲ ոլորտի հիմնադիրներից, Instituto Superior Técnico-ի դոցենտ եւ Unbabel-ի AI հետազոտությունների փոխնախագահ Անդրե Մարտինսը (André Martins): Դասախոսների թվում են նաեւ, Արամ Մարկոսյանը (NVIDIA), Էդգար Սարգսյանը (NVIDIA), Իվան Մոշկովը (NVIDIA) եւ Արմեն Աղաջանյանը (Perceptron AI):
Ծրագիրը բաղկացած է տեսական դասախոսություններից եւ գործնական նախագծերից։ Գործնական պարապմունքների համար անհրաժեշտ հաշվողական ռեսուրսները տրամադրել են դպրեցի երկարամյա գործընկերներ Nebius-ը եւ Երեւանի պետական համալսարանը։
Միջոցառումն իրականացվում է մի շարք առանցքային գործընկերների աջակցությամբ` AI9 Startup Campus-ը հանդես է գալիս որպես հյուրընկալող գործընկեր, ARCS.ai եւ PMI Science Armenia-ն:
Armenia LLM Summer School-ը նպատակ ունի ձեւավորել գիտելիքի եւ նորարարության միջավայր՝ նպաստելով Հայաստանում եւ տարածաշրջանում ԱԲ հետազոտությունների զարգացմանը։ Դպրոցի նորություններին հնարավոր է հետեւել այստեղ։