16:50 | 03.08.26 | Նորություններ | 174

Viva-ն եւ «Արտիսիմո»-ն շարունակում են համագործակցել

Viva-ն եւ «Արտիսիմո» մշակութային հասարակական կազմակերպությունը կարեւոր ձեռքբերումներ են արձանագրում: 

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈւ) երեխաների շրջանում դա իրական հաղթանակ է. առաջին քայլեր, արտաբերված առաջին խոսք, վարքագծի փոփոխության դրական դինամիկա, ծնողների հոգեբանական վիճակի բարելավում եւ այլն: 

Արձանագրվող յուրաքանչյուր ձեռքբերում ծնողների համար տարիների երազանք է եղել: «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի մասնագետները համոզված են, որ դա տարբեր թերապիաների զուգահեռ կիրառման արդյունք է:

Երկու մարզից փոքր խմբերով Դրախտիկ տեղափոխված «Ոսկեփորիկ»-ի երեխաները մասնակցել են հիպոթերապիայի հերթական շրջափուլին: Լիարժեք կազմակերպելու համար հաշվարկվել է ամեն ինչ՝ անհրաժեշտ տարածքից մինչեւ որոշակի հատկություններով օժտված կենդանիների ընտրություն: Նախապատրաստական, անհատական աշխատանք է տարվել յուրաքանչյուր երեխայի հետ՝ վախերը հաղթահարելու եւ առավելագույն արդյունքի հասնելու համար:

«Այս թիմը տիտանական աշխատանք է կատարում, եւ ես հավատում եմ, որ նվիրման ու պրոֆեսիոնալիզմի արդյունքում հաջողության նոր պատմություններ կլինեն: Ես մասնագիտորեն չեմ կարող խոսել հիպոթերապիայի կարեւորության մասին, սակայն գիտեմ, որ այդ ամենն ապացուցող անհերքելի փաստեր կան: Դանիացի հեծյալ Լիս Հարթելի անձնական պատմությունն ամենավառ օրինակն է: Կին, ով սպորտային կարիերայի ընթացքում պոլիոմիելիտի հետեւանքով կաթվածահար է եղել, ում, սակայն, դա չի խանգարել 8 տարի անց՝ 23-ամյա հասակում, դրեսաժ (գեղավարգ) մրցաձեւում պայքարել է տղամարդկանց հետ եւ 1952 թվականին դառնալ Հելսինկիի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր: Տարիներ անց նա կրկնել է արդյունքը եւ անձնական պատմությամբ ու սպորտային հաջողություններով բժշկական հանրությանն ապացուցել, որ ձիավարությունը կարող է հզոր վերականգնողական գործիք լինել»,- ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Ձիասպորտով զբաղված եւ Շվեյցարիայում վերապատրաստված Կատերինա Հորստկան կրթաբուժական եւ վերականգնողական ծառայությունների շարքում առանձնահատուկ տեղ է տալիս հիպոթերապիային եւ բուժական ադապտիվ ձիավարությանը: Որպես մասնագետ ընդգծում է, որ ձիու քայլքի ժամանակ, կենդանու մեջքի մկանների բարդ շարժումները մերսող եւ թույլ տաքացնող ազդեցություն են թողնում: Նրա  մարմնի ջերմությունը, որը 1,5 աստիճանով բարձր է մարդու մարմնի ջերմաստիճանից, ակտիվացնում է արյան շրջանառությունը, խթանում է մանր մոտորիկան, նպաստում երեխայի դրական աշխարհընկալմանը:

«Viva-ի աջակցությամբ մենք կրթաբուժական եւ վերականգնողական մի շարք ծառայություններ ենք մատուցում երկու մարզի երեխաների: Բոլորն էլ կարեւոր են, սակայն հիպոթերապիայի հասանելիությունն ու շարունակականությունը եւս անհրաժեշտ է արդյունքի համար: Ձիու բնական, ռիթմիկ շարժումները փոխանցվում են երեխայի մարմնին՝ խթանելով նյարդամկանային համակարգի աշխատանքը, ինչպես նաեւ  հավասարակշռության, կեցվածքի եւ կոորդինացիայի զարգացումը։ Մարդու մկանները ստանում են բոլոր այն ազդակները, որոնք անհրաժեշտ են քայլելու համար: Միաժամանակ երեխան ներգրավվում է հետաքրքիր եւ մոտիվացնող միջավայրում, ինչը բարձրացնում է համագործակցելու եւ սովորելու պատրաստակամությունը»,- ասել է «Արտիսիմո» մշակութային ՀԿ հիմնադիր Կատերինա Հորստկան:

«Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնների մասնագետները տարեկան սպասարկում են 200 երեխայի՝ Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերում։

Viva-ի կողմից իրականացվող աջակցության ծրագրի շրջանակում 60 երեխա ստանում է կրթական եւ բուժական-վերականգնողական ծառայություններ՝ հաճախելով Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերում գործող զարգացման կենտրոններ, ինչը նպաստում է նրանց ներառական զարգացմանը։ Շատ երեխաների համար վերականգնողական գործընթացը պետք է լինի անընդհատ, քանի որ դադարի դեպքում հնարավոր չէ հասնել ցանկալի արդյունքների։ Viva-ի աջակցությունը հնարավորություն է տալիս ապահովել ծառայությունների անհրաժեշտ շարունակականությունը եւ փոխել երեխաների կյանքի որակը:

Հատուկ կրթական եւ վերականգնողական ծառայությունների շրջանակը ներառում է զգայական ինտեգրում, հոգեբանական աջակցություն՝ ծնող-երեխա շթղայում, խոսքի թերապիա, հեքիաթաթերապիա, արտ-թերապիա, երաժշտաթերապիա եւ հիպոթերապիա:

Զարգացման հնարավոր խանգարումները ժամանակին հայտնաբերելու եւ ցուցաբերվող աջակցության առավելագույն արդյունավետությունն ապահովելու նպատակով մասնագետներն աշխատում են ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ծնողների հետ։