17:17 | 13.07.26 | Նորություններ | 93

Plug and Play-ն ամփոփել է նախաաքսելերացիոն երրորդ ծրագիրը Հայաստանում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ իրականացվող Plug and Play միջազգային ընկերության նախաաքսելերացիոն  երրորդ ծրագիրն ամփոփել է արդյունքները։

Երեւանի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում կայացել է ծրագրի փակման միջոցառումը (EXPO DAY), որին մասնակցել են տեխնոլոգիական էկոհամակարգի, մասնավոր հատվածի, վենչուրային ներդրումային ոլորտի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն անդրադարձել է ծրագրի կարեւորությանը՝ նշելով, որ նման հեղինակավոր կազմակերպության մուտքը Հայաստան եւ նրա հետ երկարաժամկետ համագործակցությունը զգալի ազդեցություն կունենա երկրի ստարտափ էկոհամակարգի զարգացման վրա։

«Քանի որ մեկ տարում կամ մեկ ծրագրով դժվար է էական ազդեցություն ունենալ ստարտափ էկոհամակարգի վրա, Կառավարությունը որոշեց Plug and Play-ի հետ ձեւավորել երկարաժամկետ համագործակցություն, որի արդյունքում ընկերության հետ կնքվեց եռամյա պայմանագիր։ Plug and Play-ն արդեն Հայաստանում ունի իրավաբանական գրասենյակ եւ գործող մասնաճյուղ։ Ծրագրի շրջանակում նախատեսված է իրականացնել ինկուբացիա, նախաաքսելերացիա եւ աքսելերացիա՝ տարեկան 2 ծրագիր: Այսօր ամփոփում ենք երրորդ ծրագիրը, որին մասնակցել են 18 ստարտափներ»,- նշել է Ռուբեն Սիմոնյանը։

Plug and Play Armenia-ի տնօրեն Սոնա Գրիգորյանն էլ ընդգծել է, որ Հայաստանն ունի փայլուն ինժեներական պոտենցիալ.
«Տեղական հիմնադիրներին ինտեգրելով մեր գլոբալ ցանցին եւ ապահովելով շաբաթական երեք միջազգային մենթորների ուղղակի աջակցությունը՝ մենք հարթակ ենք ստեղծում, որպեսզի հայկական նորարարական լուծումները Երեւանից ընդլայնվեն դեպի համաշխարհային շուկաներ»,- ասել է նա։

Միջոցառման ընթացքում ծրագրի մասնակից 18 ստարտափները՝  (Bleenk, FIGURINGS, decato.ai (նախկին Empy.ai), Tedly, abda Inc., SafeGround Technologies, Salute AI, Uray Technologies, Ethery Tech, JAN DIGITRUST, Megaladata LLC, RUXEN, Sannie AI (նախկին AgenticFi), BeeSync, Dhomie, Muvia Inc., BeautyFlo B.V. Lex AI), ներկայացրել են իրենց նորարարական լուծումները (pitches)՝ ամփոփելով եռամսյա ինտենսիվ նախաաքսելերացիոն ծրագիրը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ Plug and Play միջազգային ընկերության համագործակցության շրջանակում 2024 թվականից ի վեր հաջողությամբ իրականացվել է ծրագրի երկու փուլ, որոնցում ընդգրկվել են շուրջ 40 ստարտափներ։ Նախաձեռնության նպատակն է նպաստել հայկական ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, ընդլայնել միջազգային համագործակցությունը եւ բարձրացնել տեղական ստարտափների մրցունակությունը։

Նախաաքսելերացիոն երրորդ ծրագիրը մեկնարկել է 2026 թվականի ապրիլին։ Ծրագրի յուրաքանչյուր մասնակից ստարտափ հնարավորություն է ունեցել օգտվելու անհատական (face-to-face) մենթորությունից, ինչպես նաեւ միանալու Plug and Play-ի գլոբալ ցանցին, որը միավորում է ավելի քան 100.000 ստարտափ եւ 500-ից ավելի խոշոր կորպորացիաներ։