07:18 | 26.06.26 | Նորություններ | 1707
Cyberhub.am-ի համահիմնադիր Արթուր Պապյանը մեկնաբանել է Հայաստանի կառավարության ծրագիրը IMEI միասնական համակարգի ներդրման մասին՝ ներմուծված բջջային հեռախոսների ամբողջական գրանցման եւ հետեւողականության ապահովման համար:
«Առաջին հայացքից հնչում է տեխնիկական ու անմեղ՝ «պայքար ստվերի դեմ», «հեռախոսների գողության կանխում»։ Բայց տեսնենք` ինչ է նախատեսվում իրականում.
1. Ստեղծվելու է մի հսկա բազա, որտեղ կապվելու են ձեր անձնագիրն ու անձնական տվյալները, ձեր հեռախոսի կոդը (IMEI) եւ ձեր բոլոր SIM/eSIM քարտերը։ Սա պարզապես հարկային գործիք չէ. սա պետությանը հնարավորություն է տալիս ցանկացած պահի տեսնել, թե ով, որ սարքով եւ երբ է ակտիվանում ցանցում։
2. Եթե ամեն րոպե 2.5 միլիոն օգտատիրոջ տվյալ պարունակող այդ բազան խափանվի, օպերատորները ստիպված են լինելու անջատել ձեր կապը։ Իսկ մենք գիտենք, թե ինչպես են աշխատում պետական բազաները, օրինակ՝ առաջին դասարանցիների գրանցման բազան, որը այս շաբաթ ընդամենը մի 20 000 ծնողի պիտի միաժամանակ սպասարկեր, բայց ուղղակի չէր աշխատում։
3. Նախագծում կա վտանգավոր մի կետ՝ ադմինիստրատորը կարող է այս բազայի տվյալներով «թվային այլ ծառայություններ» մատուցել պետական ու տեղական մարմիններին կամ նույնիսկ մասնավոր ընկերություններին։ Այսինքն՝ տվյալները, որոնք հավաքվում են իբր «մաքսանենգության դեմ պայքարի» համար, վաղը կարող են օգտագործվել բոլորովին այլ՝ մեզ անհայտ նպատակներով։
4. Մեկ տեղում ամբողջ հանրապետության հեռախոսների ու քաղաքացիների տվյալների կենտրոնացումը երազանք է ցանկացած կիբեռհանցագործի համար։ Եթե այս բազան կոտրվի (իսկ անխոցելի համակարգեր չկան), յուրաքանչյուրիս անվտանգությունը կդրվի հարվածի տակ», - գրել է Արթուր Պապյանը:
Հունիսի 25-ին կառավարությունը հավանություն է տվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերին։
Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում IMEI կոդերի վերահսկողության բացակայությունը մի շարք ռիսկեր է ստեղծում, մասնավորապես՝ չմաքսազերծված, կեղծ կամ փոփոխված IMEI կոդերով բջջային հեռախոսների շրջանառություն, ինչը հանգեցնում է հարկային կորուստների, շուկայի մրցակցության խաթարման եւ տեխնիկական ու անվտանգության ռիսկերի աճի։ Ըստ այդմ՝ նախատեսվում է ներդնել արդյունավետ համակարգ ներմուծված բջջային հեռախոսների ամբողջական գրանցման եւ հետեւողականության ապահովման համար՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան։
Անդրադառնալով նախաձեռնությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր.
«Բջջային հեռախոսների շուկան ամենամեծ ստվերային շուկան է, եւ ինչ անում ենք՝ այդ շուկան շարունակում է իր գործը: Աշխարհում այս լուծումները վաղուց կան, եւ մեր քաղաքական արձանագրումն այն է, որ ավարտվում է բջջային հեռախոսների սեւ շուկայի դարաշրջանը։ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի հեռախոս, որը չի հավաստիացվում, որ ներմուծվել է օրինական ճանապարհով, չի աշխատելու»։