16:49 | 23.06.26 | Նորություններ | 243
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է OpenAI միջազգային թվային հարթակի պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել՝ ներկայացնելու ChatGPT Edu գործիքը։
Նոր ուսումնական տարվա մեկնարկին Հայաստանի կրթական, ինժեներական եւ գիտահետազոտական համայնքները շուրջ 50 հազար անվճար բաժանորդագրություն կստանան՝ ԿԳՄՍՆ-ի, OpenAI-ի եւ Firebird ընկերությունների համագործակցության արդյունքում։ Մինչեւ սեպտեմբեր պետք է իրականացվեն անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ եւ վերապատրաստման դասընթացներ՝ ապահովելով գործընթացի մեկնարկը նոր ուսումնական տարվանից։
Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Սարգսյանը, OpenAI-ի՝ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության պատասխանատու Ալինա Լեոնը, պատվիրակության այլ անդամներ։
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ վերջին տարիներին ՀՀ կրթության համակարգում հետեւողականորեն ընդլայնվում են արհեստական բանականության (ԱԲ) կիրառմանն ու ԱԲ գրագիտության զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։
Նախարարի խոսքով՝ այս գործընկերությունը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի կրթական համակարգի համար, քանի որ երկրում արդեն իսկ ձեւավորվել է արհեստական բանականության կրթության եւ կիրառման զարգացման կայուն հիմք։ Հանրակրթական դպրոցներում հաջողությամբ իրականացվում են «Արհեստական բանականության սերունդ» եւ «STEP.ai» կրթական ծրագրերը, որոնք նպաստում են սովորողների ԱԲ-ի հիմնարար գիտելիքների, ստեղծարար մտածողության եւ տեխնոլոգիական հմտությունների զարգացմանը, ինչպես նաեւ ԱԲ գործիքների անվտանգ, պատասխանատու եւ արդյունավետ կիրառմանը։
Արհեստական բանականության կրթական ծրագրեր են ներդրվում նաեւ միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթության մակարդակներում․ 2026 թվականի սեպտեմբերից ԵՊՀ-ում կներդրվի նաեւ ԱԲ ուղղության նոր բակալավրի կրթական ծրագիր:
OpenAI հարթակի համագործակցության պատասխանատու Ալինա Լեոնն ընդգծել է Հայաստանի հետ գործընկերության կարեւորությունը՝ նշելով, որ համագործակցության հիմնական ուղղություններից են կրթական համակարգում արհեստական բանականության պատասխանատու եւ անվտանգ կիրառման խթանումը, ինչպես նաեւ դասավանդողների եւ սովորողների կարողությունների զարգացումը՝ տեխնոլոգիական գործիքներն արդյունավետ օգտագործելու նպատակով։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կրթական հաստատությունների համար նախատեսված ChatGPT Edu հարթակը կդառնա արդյունավետ գործիք թե՛ բարձրագույն կրթության համակարգում՝ դասախոսների եւ ուսանողների, թե՛ հանրակրթության ոլորտում՝ ուսուցիչների եւ ավագ դպրոցի սովորողների համար։
Նա կարեւորել է ոչ միայն տեխնոլոգիայի ներդրումը, այլեւ դրա շուրջ ամբողջական քաղաքականության ձեւավորումը՝ ներառյալ կարգավորումները, ռիսկերի կառավարման մեխանիզմները եւ անվտանգ օգտագործման սկզբունքները։
Նախաձեռնության մեկնարկային փուլում՝ 2026-2027 ուսումնական տարում, ChatGPT Edu հարթակի հասանելիությունը կապահովվի «Firebird» ընկերության ֆինանսավորմամբ։ Ծրագրի արդյունավետության եւ կրթական արդյունքների վրա ազդեցության գնահատումից հետո կդիտարկվի ծրագրի պետական ֆինանսավորման հնարավորությունը՝ այն ազգային կրթական համակարգում որպես կայուն եւ երկարաժամկետ բաղադրիչ ներառելու նպատակով։