Հունիսի 3-ին մեկնարկել է Հայաստանում առաջին անգամ անցկացվող RISE Powered by Silicon Mountains 2026 երկօրյա բարձր տեխնոլոգիական ցուցահանդեսն ու ֆորումը։
Այն մեկ հարթակում համախմբել է տեխնոլոգիական եւ ռազմարդյունաբերական ոլորտների ներկայացուցիչներին, ընկերություններին, գիտահետազոտական կենտրոններին եւ ինժեներական թիմերին։
Միջոցառման նպատակն է ներկայացնել հայկական ընկերությունների, գիտահետազոտական կենտրոնների եւ ինժեներական թիմերի տեխնոլոգիական արտադրանքները, նորարարական լուծումները, գիտական ձեռքբերումներն ու գաղափարները, ինչպես նաեւ նպաստել Հայաստանի՝ որպես բարձր տեխնոլոգիական երկրի միջազգային ճանաչելիության բարձրացմանը եւ ոլորտի հետագա զարգացմանը։
RISE Powered by Silicon Mountains 2026-ի բացմանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ մայիսին երեք ռազմարդյունաբերական ընկերություն արդեն արտահանել է ռազմական նշանակության արտադրանք երկու տարբեր մայրցամաքներ:
Ներկայացնելով Կառավարության նպատակները՝ նախարարն առանձնացրել է երեք հիմնական ուղղություն։
Առաջինը՝ ձեւավորել զարգացած հայրենական ռազմարդյունաբերություն, որը կսպասարկի զինված ուժերի կարիքները եւ կապահովի տեխնոլոգիական ու նորարարական առաջընթաց։ Երկրորդը՝ նոր տնտեսության սեգմենտի ձեւավորումն է՝ ռազմարդյունաբերությունը դարձելով տնտեսության նոր եւ արագ զարգացող ճյուղ։
«Ռազմական արդյունաբերությունը այսօր շուրջ 70 միլիարդի հասնող շրջանառություն է ձեւավորել տնտեսության ներսում, եւ այն արդեն դուրս է գալիս Հայաստանի Հանրապետության սահմաններից։ Ռազմարդյունաբերությունը կամ պաշտպանական արդյունաբերական պրոդուկտները կարեւորագույն արտահանելի ճյուղ են դառնալու մեր տնտեսության համար եւ արդեն դառնում են»,- նշել է նախարարը։
Երրորդը՝ գիտության զարգացումն է, պետական պատվերների միջոցով կիրառական գիտական արդյունքների նկատմամբ գիտության համար ինդուստրիալ պահանջարկի ձեւավորումը։
ԲՏԱ նախարարի խոսքով՝ առաջին եռամյա ծրագրի շրջանակում պետությունը պատվերների միջոցով ոլորտում ներդրել է 172 միլիարդ դրամ։ Բացի այդ, Կառավարությունը որոշում է կայացրել շարունակել երկարաժամկետ պայմանագրերի քաղաքականությունը՝ արդեն իսկ ամրագրելով շուրջ 190 միլիարդ դրամի նոր պատվերներ, որոնք առաջիկա տարիներին լրացուցիչ ներդրումներ կապահովեն տնտեսության եւ ռազմարդյունաբերության զարգացման համար։
Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ, «Յունիքոմփ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանն ընդգծել է, որ Հայաստանն այլընտրանք չունի, քան զարգացնելու սեփական բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը, քանի որ այն լոկոմոտիվ է ամբողջ տնտեսության համար։
«Հայկական արտադրանքը պետք է դառնա այն շարժիչ ուժը, որը կբարձրացնի Հայաստանի տնտեսության արտադրողականությունը, թույլ կտա մրցակցային առավելություններ ունենալ համաշխարհային տնտեսության մեջ»,- ասել է Արմեն Բալդրյանը։
Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության տնօրեն Էդուարդ Մուսայելյանն էլ նշել է, որ նոր ձեւաչափով անցկացվող միջոցառումը միավորում է կրթությունը, նորարարությունը, գիտությունը եւ ռազմարդյունաբերությունը։
«Այս տարի նոր ձեւաչափով անցկացվող միջոցառման ընթացքում ավելի քան 40 ռազմարդյունաբերական, ինժեներական եւ գիտահետազոտական թիմեր ներկայացնում են իրենց լուծումներն ու գաղափարները՝ նպաստելով Հայաստանի տեխնոլոգիական ինքնուրույնության, պաշտպանության եւ կայունության ամրապնդմանը։
Այսօրվա կարեւոր թեմաներից են նաեւ ճարտարագիտությունն ու կիբերանվտանգությունը, որոնք դարձել են ժամանակակից տնտեսության եւ ազգային անվտանգության հիմնասյուներ։ Վստահ եմ, որ առաջիկա օրերին կձեւավորվեն նոր գործընկերություններ եւ համագործակցություններ, որոնք կնպաստեն Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացին»,- ասել է Էդուարդ Մուսայելյանը։
Մասնակիցները շրջայց են կատարել ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ընկերությունների եւ կազմակերպությունների տեխնոլոգիական արտադրանքներին, նորարարական լուծումներին, ռազմարդյունաբերական մշակումներին եւ ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։
RISE Powered by Silicon Mountains 2026-ը կազմակերպվում է Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։
Միջոցառման կազմակերպման նպատակով ՀՀ կառավարությունը դրամաշնորհային ձեւաչափով տրամադրել է շուրջ 60 միլիոն դրամ աջակցություն։
Միջոցառման պլատինե գործընկերն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, իսկ ոսկե գործընկերը՝ «Յունիքոմփ» ընկերությունը։