Meta-ն փորձարկում է Series ֆունկցիան Instagram Reels-ում, որը թույլ կտա հեղինակներին միավորել մի քանի տեսանյութեր մեկ շարքի (սերիայի) մեջ։
Ինչպես հայտնում է TechCrunch-ը, թեստավորման շրջանակում ընտրված հեղինակները կարող են ստեղծել «սերիաներ»՝ ներառելով ինչպես արդեն հրապարակված, այնպես էլ նոր ռիլեր։ Յուրաքանչյուր տեսանյութ կդառնա առանձին էպիզոդ, իսկ մի քանի տեսանյութեր կմիավորվեն հատուկ ներդիրում։
Օգտատերերը կկարողանան անցնել սերիային ինչպես հիմնական լրահոսից, այնպես էլ Reels բաժնից, եթե տեսանյութը ներառված է նման հավաքածուում։
Meta-ում նշել են, որ դիտարկում են ֆունկցիայի մոնետիզացիայի հնարավորությունը, սակայն մանրամասներ դեռ չեն ներկայացրել։ Ներկայում հայտնի չէ նաեւ, թե երբ Series-ը հասանելի կդառնա բոլոր հեղինակներին։
Ընկերությունը հույս ունի, որ նոր գործիքը կօգնի ձեւավորել օգտատերերի մոտ դիտման կայուն սովորություն եւ կխթանի նրանց ավելի հաճախ վերադառնալ հարթակ։ Միաժամանակ հեղինակները կկարողանան ավելի հարմար կազմակերպել իրենց բովանդակությունը, օրինակ՝ մեկ տեղում հավաքելով ուսուցողական կամ թեմատիկ տեսանյութերը։
Հիշեցնենք, որ նմանատիպ գործառույթը TikTok-ը ներկայացրել էր դեռ 2023 թվականին՝ թույլ տալով հեղինակներին ստեղծել տեսանյութերի հավաքածուներ եւ նույնիսկ դրանք տեղադրել վճարային պատնեշի (paywall) հետեւում։