Հայկական Wirestock-ը հայտարարել է, որ 23 միլիոն դոլար է ներգրավել A սերիայի ներդրում տվյալների մատակարարման նոր բիզնեսը կառուցելու համար։ 

Ներդրումը գլխավորել է Nava Ventures-ը, որին մասնակցել են SBVP-ն (համահիմնադիր՝ Շերիլ Սանդբերգ), Formula VC-ն եւ I2BF Ventures-ը։ Ստարտափի հավաքագրված ընդհանուր կապիտալը հասնում է մոտ 26 միլիոն դոլարի։

Wirestock-ը նախկինում օգնում էր լուսանկարիչներին տարածել եւ վաճառել իրենց աշխատանքները Shutterstock-ի նման լուսանկարչական ծառայություններում։ Ընկերությունը 2023 թվականին անցել է տվյալների մատակարարի դերին եւ այժմ AI մշակողներին մատակարարում է պատկերների, տեսանյութերի, դիզայնի ակտիվների, խաղերի եւ 3D բովանդակության տվյալների հավաքածուներ։ 

Wirestock-ի հարթակը ներգրավել է ավելի քան 700 հազար նկարիչների եւ դիզայներների, որոնք կատարում են տվյալների հավաքագրման տարբեր առաջադրանքներ: 

Ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Միքայել Խաչատրյանը նշել է, որ Wirestock-ը ներկայում բազմամոդալ տվյալներ է տրամադրում հիմնային մոդելներ (foundation model) մշակող վեց խոշորագույն ընկերության, սակայն անուններ չի նշել։ Ըստ նրա` ընկերությունն այժմ ունի տարեկան 40 միլիոն դոլարի եկամուտ եւ մինչ օրս իր ներդրողներին վճարել է 15 միլիոն դոլար։

Wirestock-ն այժմ ունի 60 աշխատակից եւ նոր ֆինանսավորումը կօգտագործի հետազոտական, ինժեներական ու պրոդուկտի զարգացման ուղղություններուվ նոր աշխատակիցներ հավաքագրելու համար։ Այն նաեւ ստեղծում է ձեռնարկատիրական ծրագրային ապահովում արհեստական բանականության լաբորատորիաների համար՝ տվյալների հավաքածուների շուրջ համագործակցելու համար։