Ծաղկաձորում մեկնարկել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող Ուսանողական երրորդ հաքաթոնը։
Մայիսի 12-15-ն անցկացվող միջոցառումը համախմբել է հայաստանյան բուհերի եւ կրթական կենտրոնների ավելի քան 100 ուսանողի։ Նպատակը երիտասարդների նորարարական ներուժի խթանումն է, թիմային աշխատանքի եւ տեխնոլոգիական խնդիրների լուծման հմտությունների զարգացումը, ինչպես նաեւ պետության, ուսանողների եւ տեխնոլոգիական համայնքի միջեւ համագործակցության հարթակի ձեւավորումը։
Նախարարության Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության պետ Հայկ Ենգիբարյանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացման ռազմավարության առանցքային նպատակներից է՝ Հայաստանը դիրքավորել որպես դիփ-թեք խաչմերուկ եւ տարածաշրջանային գիտահետազոտական կենտրոն, նաեւ կարեւորել նման նախաձեռնությունների դերն այդ ճանապարհին։
Ռուս-հայկական համալսարանի Մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Ահարոն Ահարոնյանը նշել է, որ նախարարության նախաձեռնությամբ իրականացվող նման միջոցառումները կարեւոր հարթակ են ուսանողների համար՝ իրենց գաղափարները ներկայացնելու, նոր գիտելիքներ ու փորձ ձեռք բերելու, գործնական հմտությունները զարգացնելու տեսանկյունից։
Մասնակիցների համար «Ինչպե՞ս ներկայացնել ստարտափը եւ ինչպե՞ս ներկայանալ լսարանի առաջ» թեմայով վարպետության դաս է անցկացրել դասախոս Սերգեյ Թանթուշյանը։
Հաքաթոնին մասնակցելու հայտ էր ներկայացրել ՀՀ բուհերի եւ ուսումնական կենտրոնների 46 թիմ, որոնցից ընտրվել են լավագույն 26-ը։
Մասնակից թիմերը ներկայացնում են Երեւանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Ռուս-հայկական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, ինչպես նաեւ Վանաձորի եւ Գորիսի պետական համալսարանները, «Արմաթ» ինժեներական լաբորատորիան ու «Միտ» կրթական կենտրոնը։
Հաքաթոնի ավարտին՝ լավագույն նախագծերը կարժանանան դրամական մրցանակների՝ 1-ին տեղը կստանա 1.5 մլն դրամ, 2-րդ տեղը՝ 1 մլն դրամ, 3-րդը՝ կես մլն դրամ։
Չորսօրյա միջոցառման ընթացքում թիմերը մենտորների աջակցությամբ կմշակեն եւ կներկայացնեն տեխնոլոգիական ոլորտին առնչվող նորարարական լուծումներ։ Թեմաները կընտրվեն Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրով սահմանված առաջնահերթ ուղղություններից՝ ներառելով արհեստական բանականությունը, տվյալագիտությունն ու մեքենայական ուսուցումը, ծրագրային ապահովման մշակումը, կենսաճարտարագիտությունն ու բժշկական տեխնոլոգիաները, առաջադեմ ճարտարագիտական եւ կայուն տեխնոլոգիական լուծումները։