Viva-ն եւ «Արտիսիմո»-ն որոշել են ընդլայնել չորս ամիս առաջ Գեղարքունիքում մեկնարկած համագործակցությունը եւ օգտակար լինել նաեւ Վայոց ձորի մարզի շահառուներին:
Հնարավոր խնդիրների վաղ բացահայտումը կարեւոր է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈւ), մասնավորապես՝ աուտիստիկ սպեկտրի խանգարում ունեցող երեխաների եւ նրանց ընտանիքների համար: Թեման արդիական է հատկապես մարզերում, որտեղ չկան մասնագիտացված կենտրոններ կամ եղած ռեսուրսները բավարար չեն համակարգված եւ լիարժեք աջակցություն ստանալու համար:
Եղեգնաձորում գործող «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնն «Արտիսիմո»-ի ստեղծած առաջին մարզային մասնաճյուղն է: Հիմնական կենտրոնը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում է:
Վայոց ձորում 20 գյուղ եւ մեկ քաղաք սպասարկող մասնաճյուղում տարեկան կտրվածքով մշտական աջակցություն է ստացել 150 երեխա: Viva-ի աջակցությամբ այսուհետ կենտրոնի մասնագիտական թիմը կարող է լիարժեք սպասարկել արդեն իսկ գրանցված 200 երեխայի եւ նրանց ծնողներին: Անհրաժեշտ թերապիաները կլինեն երկարաժամկետ եւ հետեւողական: Viva-ի աջակցությունը թույլ կտա կենտրոնանալ գոյություն ունեցող երկու կենտրոնների աշխատանքի վրա՝ «Արտիսիմո»-ի համար հավանական դարձնելով հավակնոտ նոր ծրագրերի իրականացումը:
«Մեր համագործակցությունը կարեւոր է մի քանի տեսանկյուններից: Մարզերում թիրախային այս խմբի ընտանիքներն առավել խոցելի են՝ մասնագիտական, զարգացման կենտրոններից օգտվելու երբեմն անհնարինության պատճառով: Հեռավորության, ֆինանսական միջոցների սղության եւ այլ հանգամանքներից ելնելով՝ անհրաժեշտ թերապիաներին մասնակցելու համար մայրաքաղաք մեկնելը հաճախ դառնում է դժվար կամ անհնար։ Մենք պատրաստ ենք աջակցել, քանի որ մարզերում նման կենտրոնների առկայությունը եւ մասնագետների նվիրումը շատ հարցեր կլուծեն», - ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
Եղեգնաձորի «Ոսկեփորիկն» իր տարածքով հարմարեցված է զգայական ինտեգրման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Թեեւ աշխատանքներ են իրականացվում նաեւ ուղղված հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների վերականգնմանը՝ այս փուլում ուշադրության կենտրոնում աուտիստիկ սիմպտոմատիկա ունեցող երեխաներն են: Մասնագետներն արձանագրում են, որ հինգ տարվա հետեւողական ջանքերի շնորհիվ երբեմն հաջողվել է հասնել անհավանական արդյունքի․ փոխվել է նյարդաբանի սկզբնական եզրակացությունը: Դա ոչ միայն նվիրման, այլեւ աշխատանքի մեթոդաբանության արդյունք է: Հատուկ ուշադրության կենտրոնում է ծնողների հետ տարվող աշխատանքը: Կիրառվում է ծնող-երեխա-մասնագետ շղթան ապահովող մոդել, գիտելիքներ ստացած ծնողները տանը կիրառում են երեխայի հետ շփման ճիշտ մոտեցում:
«Ամենակարեւոր հաջողությունը, որին հասել ենք Եղեգնաձորում, ծնողների հետ կուռ համայնքի ստեղծումն է եւ աշխատանքում ներգրավվածությունը: Առհասարակ, «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի համար կարեւոր է երեխա-ծնող-մասնագետ եռանկյունու մոդելը: Դա ունի դրական եւս մեկ կողմ. մեր առաջատար մասնագետները իրենց խնդիրներով ժամանակին «Ոսկեփորիկ» եկած ծնողներն են: Այսօր նրանք արդեն մասնագետ են եւ կարեւոր սյուն են բոլորի համար: Հաջողություն է նաեւ այն, որ մենք կարողանում ենք ընդլայնվել եւ մեր գործունեությունը տարածել մարզերով: Իհարկե կա նաեւ այլ մարզեր գնալու հավակնոտ երազանք, ինչին ձգտելու ենք», - ասել է «Արտիսիմո» մշակութային ՀԿ հիմնադիր Կատերինա Հորստկան:
Մեկ տարի առաջ Եղեգնաձորի «Ոսկեփորիկ» կենտրոնում դրամահավաքի միջոցով սկսել են իրականացնել նաեւ ամբուլատոր սպասարկմանը ոչ հատուկ խորացված հետազոտություններ՝ առավել համակարգված մոտեցում ցուցաբերելու համար: