Team Telecom Armenia-ում Երկրի օրը նշանավորվում է նոր ձեռքբերմամբ՝ ընկերությունը հաջողությամբ անցել է ISO 14001:2015 բնապահպանական կառավարման համակարգի աուդիտը եւ արժանացել համապատասխան հավաստագրի։

ISO 14001:2015 հավաստագիրը արձանագրում է, որ Team-ում ներդրված բնապահպանական կառավարման համակարգը եւ գործելակերպը համապատասխանում են միջազգային լայնորեն ընդունված չափանիշներին։ 

Հավաստագիրը նաեւ հաստատում է Team-ի հանձնառությունը՝ նվազեցնելու շրջակա միջավայրի վրա ազդեցությունը՝ ընկերության գործունեության արդյունքների չափման, բնապահպանական ռիսկերի բացահայտման եւ շարունակական կատարելագործման նախաձեռնությունների միջոցով։

«Team-ում վստահ ենք՝ իրական առաջնորդությունը սկսվում է պատասխանատվությունից։ Մեր նպատակը ոչ միայն նորարար տեխնոլոգիաների զարգացումն է, այլեւ այնպիսի միջավայրի ձեւավորումը, որտեղ յուրաքանչյուր նախագիծ իրականացվում է շրջակա միջավայրի հանդեպ հարգանքով։ ISO 14001:2015 հավաստագրումը մեզ համար պարտավորեցնող է՝ վստահությամբ շարունակելու շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված մեր ռազմավարությունը՝ ապացուցելով, որ կայուն զարգացումը բիզնեսի հիմքն է»,-ասել է Team Telecom Armenia-ի բնապահպանության եւ սոցիալական հարցերով փորձագետ Արեւիկ Մկրտչյանը:

Team-ը շարունակաբար ներդնում է էներգաարդյունավետ լուծումներ՝ կապի եւ հաղորդակցության էներգապահովման համար օգտագործելով արեւային էներգիա։ 2025 թվականին ընկերության արեւային կայանները 2024 թվականի նկատմամբ ավելացրել են  իրենց արտադրանքը շուրջ 14%-ով, 2023-ի նկատմամբ՝ 77%-ով։ 

Team-ի ընդհանուր էներգասպառման մեջ վերականգնվող եւ զրոյական արտանետմամբ էներգիայի մասնաբաժինն արդեն կազմում է 18%՝ յուրաքանչյուր տարի ապահովելով  շարունակական աճ։   

Team Energy արագ լիցքավորման կայանների ցանցն այժմ Հայաստանի ողջ տարածքում գործարկել է ավելի քան 130 կայան։ Ընկերության ավտոպարկը շարունակաբար համալրվում է էլեկտրական մեքենաներով. անձայն շարժիչներով եւ զրոյական արտանետումներով մեքենաների մասնաբաժինն արդեն կազմում է շուրջ 30%։  

Team-ի ռազմավարական ծրագրի՝ NGN ցանցի կառուցման արդյունքում պղնձե մալուխները փոխարինվում են օպտիկամանրաթելային ցանցով, ինչը էականորեն նվազեցնում է ածխածնի երկօքսիդի արտանետումները։ 

2025 թվականին Team-ը շարունակել է նվազեցնել իր ջերմոցային գազերի արտանետումները՝ նպատակ ունենալով մինչեւ 2029 թվականը նվազեցնել արտանետումները 40%-ով՝ ապահովելով շարունակական կայուն զարգացում։   

Team-ը պարբերական աշխատանքներ է իրականացնում նաեւ թափոնների կրճատման ուղղությամբ: Էլեկտրոնային թափոնների (e-waste) ստեղծումից խուսափելու համար ընկերությունը վերանորոգում եւ կրկնօգտագործում է կապի ապահովման սարքերը։ Այսպիսով, 2025-ին ավելի քան 16 հազար հեռահաղորդակցության էլեկտրոնային սարք չի հայտնվել աղբավայրում, այլ վերանորոգվել, արդիականացվել եւ կրկնօգտագործվել է՝ նախորդ տարվա համեմատ աճելով 28%-ով։  

Նախորդ տարվա համեմատ թղթի վերամշակման ծավալները նույնպես աճել են` 2024 թվականին վերամշակման է հանձնվել ավելի քան 6 տոննա թուղթ եւ ստվարաթղթե տուփ, իսկ 2025 թվականին այս թիվը հասել է 8.6 տոննայի։ Թղթի թափոններ չկուտակելու համար Team-ի բոլոր մասնաճյուղերում հասանելի է eSIM ծառայությունը, եւ ներդրված է E-pen (էլեկտրոնային գրիչ) տեխնոլոգիան։ 

Team Telecom Armenia-ն շարունակելու է կայուն զարգացմանն ու բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի դրսեւորմանն ուղղված իր ռազմավարությունը՝ ներդնելով նորարար տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են եւ՛ արդյունավետություն, եւ՛ շրջակա միջավայրի պաշտպանություն։